Եսայիա 3։1-26

3  Որովհետեւ ահա Զօրաց Եհովայ Տէրը հեռացնելու է Երուսաղէմից եւ Յուդայից գաւազանն ու ցուպը, հացի բոլոր նեցուկը,  Քաջին եւ պատերազմական մարդին, դատաւորին ու մարգարէին, եւ գուշակողին ու ծերին,  Յիսնապետին ու պատուաւորին, եւ խորհրդականին ու իմաստուն ճարտարապետին եւ գիտուն կախարդին:  Եւ ես նորանց վերայ երիտասարդներ պիտի իշխան դնեմ, եւ մանուկները պիտի իշխեն նորանց վերայ:  Եւ պիտի հարստահարուի ժողովուրդն իրարից, եւ երեխաները պիտի գոռոզանան ծերերի դէմ, եւ անարգները՝ պատուաւորների դէմ:  Այն ժամանակ մարդ կ’բռնէ իր եղբօրը իր հօր տանը մէջ ասելով. Դու հանդերձ ունիս, մեզ վերայ իշխան եղիր, եւ այս աւերակը քո ձեռքի տակին լինի:  Իսկ նա բարձրաձայն կ’ասէ այն օրը. Ես բժշկող չեմ լինիլ, եւ տանս հաց չ’կայ եւ հանդերձ չ’կայ. ինձ իշխան մի դնէք ժողովրդի վերայ:  Որովհետեւ Երուսաղէմը սասանուել է եւ Յուդան՝ ընկել. որովհետեւ նորանց լեզուներն ու գործերը Տիրոջ դէմ է, որ հակառակեն նորա փառաց աչքերին:  Նորանց երեսի տեսքը վկայում է իրանց դէմ. եւ իրանց մեղքերը հրատարակում են Սոդոմի պէս, չեն ծածկում. վա՜յ նորանց անձին, որ իրանց չարիք են հատուցանում: 10  Ասեցէք արդարին, որ նորա բանը լաւ է. որովհետեւ իրանց գործերի պտուղն են ուտելու: 11  Վա՜յ անզգամին, նորա բանը չար է, որովհետեւ իր ձեռքի գործերի հատուցումը պիտի լինի իրան: 12  Իմ ժողովրդի վերայ բռնացողները երեխաներ են, եւ կնիկներ են իշխում նորա վերայ. ով իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցուցիչներ են, եւ նորանք քո շաւիղների ճանապարհը խանգարել են: 13  Տէրը վեր է կացել որ դատէ. եւ կանգնել է՝ ժողովուրդներին դատելու համար: 14  Տէրը դատի է մտնում իր ժողովրդի ծերերի եւ նորա իշխանների հետ. որ դուք այրել էք այգին. աղքատից կողոպտուածը ձեր տներումն է: 15  Ի՞նչ է եղել ձեզ, որ փշրում էք իմ ժողովրդին, եւ տնանկների երեսը ջարդում, ասում է Զօրաց Եհովայ Տէրը: 16  Եւ Տէրն ասեց. որովհետեւ հպարտացել են Սիօնի աղջիկները, եւ վեր բարձրացած պարանոցով են ման գալիս, եւ անհամեստ աչքերով ակնարկում են. գնալիս կաքաւելով են գնում, եւ իրանց ոտքերովը խշխշոց են հանում: 17  Եւ Տէրն էլ կ’կնտացնէ Սիօնի աղջկերանց գագաթը, եւ Տէրը կ’մերկացնէ նորանց ամօթոյքը: 18  Այն օրը Տէրը կ’հեռացնէ ոտնապարանջանների փառքը, ցանցակերպ ճակատանոցները եւ մահիկները, 19  Գինդերը, ապարանջանները եւ շղաշատեռները, 20  Ապարօշները, ոտքի շղթայիկները եւ գօտիները, բուրալից տուփերը, հմայեակները, 21  Մատանիները եւ քթի օղակները, 22  Պատմուճանները եւ կշտապանակները, վերարկուները եւ քսակները. 23  Հայելիները եւ բեհեզները, խոյրերը եւ քօղերը: 24  Եւ խնկեղէնների փոխարէն կ’լինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ կնտութիւն. եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան: 25  Քո մարդիկը սրով պիտի ընկնեն, եւ քո քաջերը՝ պատերազմով. 26  Եւ նորա դռները պիտի ողբան ու սուգ բռնեն, եւ նա ամայացած պիտի նստէ տափին:

Ծանոթագրություններ