Եսայիա 32։1-20

32  Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու:  Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում:  Եւ տեսնողների աչքերը պիտի չ’շլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու:  Եւ վռազողների սիրտը կ’հասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կ’շտապէ պայծառ խօսել:  Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք:  Որովհետեւ տխմարը տխմարութիւն կ’խօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կ’գործէ. որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ:  Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի:  Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. եւ ազնիւ բաների վերայ կ’կանգնէ:  Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք: 10  Օրեր կան տարուայ համար, որ* պիտի դողաք, ով ապահովներ. որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու: 11  Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք: 12  Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար: 13  Իմ ժողովրդի երկրի վերայ փուշ՝ ցախ պիտի բուսնէ. նոյն իսկ ամեն ուրախութեան տան վերայ զուարճալի քաղաքումը: 14  Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար: 15  Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտը անտառ համարուի: 16  Եւ անապատումը կ’բնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կ’նստի: 17  Եւ արդարութեան գործը կ’լինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան: 18  Եւ իմ ժողովուրդը կ’բնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում: 19  Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը: 20  Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը:

Ծանոթագրություններ

32։10 Կամ՝ Մի տարիից և մի քանի օրերից յետոյ։