Եսայիա 33։1-24

33  Վա՜յ քեզ, ով կործանող, որ չ’կործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չ’յափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն:  Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաև մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին:  Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը:  Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ:  Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով:  Եւ քո ժամանակների հաստատութիւնը կ’լինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կ’լինի նորա գանձը:  Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս:  Ամայացել են ճանապարհները. դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. քաղաքները անարգել. մարդիս բանի տեղ չէ համարում:  Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում: 10  Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. հիմա վեր եմ բարձրանալու: 11  Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ: 12  Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին: 13  Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը: 14  Սիօնումը վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում: 15  Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնհեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը: 16  Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են: 17  Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը: 18  Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը: 19  Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասկանալի շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր: 20  Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. քո աչքերը կ’տեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ: 21  Այլ Տէրը փառաւոր պիտի լինի այնտեղ մեզ համար, լայնատարած գետերի՝ վտակների տեղը, ուր որ չի գնալ թիաքարշ նաւը, եւ այնտեղով մեծ նաւ չի անց կենալ: 22  Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը: 23  Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չ’բռնեցին, առագաստ չ’բացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին: 24  Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է:

Ծանոթագրություններ