Եսայիա 34։1-17

34  Մօտեցէք, ով ազգեր, որ լսէք, եւ ով ժողովուրդներ, որ ուշ դնէք. լսիր, ով երկիր եւ նորա լրութիւնը, ով աշխարհք եւ նորա վերայ բոլոր ծնուողները:  Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը բոլոր ազգերի վերայ է, եւ սրտմտութիւնը՝ նորանց բոլոր զօրքերի վերայ: Նա նորանց նզովել է՝ սպանման է մատնել:  Եւ նորանց սպանուածները դէն են գցվում, եւ նորանց դիակներիցը գարշահոտութիւն է բարձրանում, եւ սարերը հալվում են նորանց արիւնիցը:  Եւ հալուելու են երկնքի բոլոր զօրքերը, եւ պիտի գալարուի երկինքը մագաղաթի պէս, եւ նորա բոլոր զօրքերը պիտի վայր ընկնեն, ինչպէս որ տերեւը թափվում է որթիցը, եւ ինչպէս որ թզենին տերեւաթափ է լինում:  Որովհետեւ իմ սուրն արբել է երկնքումը. ահա նա իջնում է Եդովմի վերայ, եւ իմ նզոված ժողովրդի վերայ դատաստանի համար:  Տիրոջ սուրը լիքն է արիւնով, իւղոտուած է ճարպով, գառների ու նոխազների արիւնովը, խոյերի երիկամունքների ճարպովը. որովհետեւ Տիրոջ համար զոհ կայ Բօսրայումը, եւ մեծ մորթուածք՝ Եդովմի երկրումը:  Նորանց հետ պիտի իջնեն գոմէշները, եւ զուարակները ցուլերի հետ. եւ նորանց երկիրը պիտի արբենայ արիւնով, եւ նորանց հողը ճարպով պարարտանայ:  Որովհետեւ վրէժխնդրութեան օր է Տիրոջ համար, հատուցման տարի է Սիօնի վէճի համար:  Եւ նորա գետերը պիտի ձիւթի փոխուին, եւ նորա հողը՝ ծծումբի, եւ նորա երկիրը վառուած ձիւթ պիտի լինի: 10  Գիշեր ու ցերեկ պիտի չ’հանգչի, յաւիտեան պիտի վեր ելնէ նորա ծուխը, եւ դարէ ցդար աւերակ պիտի մնայ, յաւիտեանս յաւիտենից նորանով անցնող պիտի չ’լինի: 11  Եւ նորան պիտի հաւալուսներն ու ոզնիները ժառանգեն, եւ քաջահաւն ու ագռաւը պիտի բնակուեն նորանում, եւ նորա վերայ պիտի քաշուի դատարկութեան լարը, եւ ունայնութեան քարերը: 12  Նորա ազնուականներին թագաւորութեան պիտի կանչեն, բայց այնտեղ մեկն էլ պիտի չ’գտնուի. եւ նորա բոլոր իշխանները պիտի ոչնչանան: 13  Եւ նորա պալատների վերայ պիտի բուսնեն փուշեր, եւ եղինճ ու ցախ՝ նորա պարիսպների վերայ. եւ պիտի լինի չագալների բնակարան եւ ջայլամների գաւիթ: 14  Եւ վայրենի կատուները պիտի հանդիպեն բորենիներին, եւ մի այծամարդ միւսին պիտի պատահէ, եւ գիշերային ճիւաղները այնտեղ պիտի հանգստանան, եւ այնտեղ իրանց համար հանգիստ պիտի գտնեն: 15  Այնտեղ բոյն պիտի շինէ նետ օձը, եւ ձու ածէ, եւ ճուտեր հանէ, եւ իր հովանումը պիտի խնամէ. նաեւ այնտեղ պիտի հավաքուեն ուրուրները ամեն մէկն իր ընկերի հետ: 16  Որոնեցէք Տիրոջ գրքումը եւ կարդացէք, սորանցից մէկ հատը չի պակասուիլ, մէկի մօտ իր ընկերը պակաս չի լինիլ, որովհետեւ նորա բերանն է հրամայել. եւ նորա հոգին ինքն է ժողովելու նորանց: 17  Եւ նա ինքը նորանց վերայ վիճակ է գցել. եւ նորա ձեռքը նորանց բաժանել է լարով. յաւիտեան պիտի ժառանգեն նորան. դարէ ցդար պիտի բնակուեն նորանում:

Ծանոթագրություններ