Եսայիա 38։1-22

38  Այն օրերը հիւանդացաւ Եզեկիան մերձ ի մահ, եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. Կտակդ արա քո տան մասին, որովհետեւ դու պիտի մեռնես եւ չ’ապրես:  Եւ Եզեկիան իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջը,  Եւ ասեց. Աղաչեմ, Տէր, յիշիր որ քո առաջին հաւատարմութեամբ եւ կատարեալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածն արի: Եւ Եզեկիան մեծ լացով լացաւ:  Եւ Տիրոջ խօսքն եղաւ Եսայիային ասելով.  Գնա եւ ասիր Եզեկիային թէ Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. Քո աղօթքը լսեցի, քո արտասուքը տեսայ. ահա ես պիտի աւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի:  Եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագաւորի ձեռքիցը, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ:  Եւ սա քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է այս բանը, որ ասել է.  Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստուերը, որ իջել է Աքազի արեւի ժամացոյցի աստիճաններովը, տասը աստիճան: Եւ արեւը ետ դառաւ տասը աստիճան այն իջած աստիճաններովը:  Յուդայի թագաւոր Եզեկիայի գրուածքը՝ երբոր հիւանդացաւ եւ հիւանդութիւնիցն առողջացաւ: 10  Ես ասեցի. Իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, պիտի զրկուիմ իմ տարիների մնացորդիցը: 11  Ասեցի. Տիրոջը չեմ տեսնելու՝ Տիրոջը՝ կենդանեաց երկրումը. մարդի չեմ նայելու այլ եւս հանդերձեալի բնակիչների հետ միասին: 12  Իմ շրջանը* չուում է, եւ փոխադրվում է ինձանից հովիւի վրանի նման. ես կտրեցի իմ կեանքը ոստայնանկի պէս. նա ինձ կտրեց առէչիցը. ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես: 13  Սպասեցի մինչեւ առաւօտը, ինչպէս առիւծը՝ նա այնպէս կոտրատում է իմ բոլոր ոսկորները. ցերեկից մինչեւ գիշերը ինձ կ’վերջացնես: 14  Կռունկի պէս՝ ծիծեռնակի պէս ճվճվում էի, մնչում էի աղաւնիի պէս, աչքերս նուաղում էին դէպի վեր. ով Տէր, տագնապ ունիմ, օգնիր ինձ: 15  Ի՞նչ ասեմ, որ նա ինձ ասեց եւ նա էլ արաւ. կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգիի ցաւի համար: 16  Ով Տէր, նորանցով ապրում են նորանք. եւ նորանց բոլորի մէջ է իմ հոգիի կեանքը. եւ դու ինձ բժշկեցիր եւ ապրեցրիր: 17  Ահա խաղաղութեան համար դառնութիւն եղաւ ինձ՝ դառնութիւն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, որովհետեւ բոլոր մեղքերս մէջքիդ ետեւը գցեցիր: 18  Որովհետեւ գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ. գուբն իջնողները չեն յուսալ քո ճշմարտութեանը: 19  Ապրողը՝ ապրողն է քեզ օրհնելու, ինչպէս ես այսօր. հայրը որդկանցը պիտի իմացնէ քո ճշմարտութիւնը: 20  Տէրը պատրաստ է ինձ օգնելու. ուրեմն իմ երգերը լարաւոր նուագարաններով նուագենք, մեր կեանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մէջ: 21  Եւ Եսայիան ասել էր որ չոր թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վէրքի վերայ եւ կ’առողջանայ: 22  Եւ Եզեկիան ասել էր. Ի՞նչ է այն նշանը թէ Տիրոջ տունն եմ վեր գնալու:

Ծանոթագրություններ

38։12 Կամ՝ բնակարանը։