Եսայիա 39։1-8

39  Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք–բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է:  Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. մէկ բան չ’կար որ Եզեկիան ցոյց տուած չ’լինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը:  Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ: Եւ Եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ:  Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը: Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. մի բան չ’կայ որ ցոյց տուած չ’լինեմ նորանց իմ գանձարանումը:  Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը:  Ահա օրեր կ’գան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. մէկ բան պիտի չ’մնայ ասում է Տէրը:  Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կ’գան, որոնց դու կ’ծնես, կ’առնեն, եւ նորանք ներքինիներ կ’դառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը:  Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի:

Ծանոթագրություններ