Եսայիա 40։1-31

40  Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը.  Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել:  Անապատի մէջ կանչողի ձայնը, պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար:  Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ:  Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել:  Մէկ ձայն ասում է. Կանչիր. եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. այս՝ թէ ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս:  Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. իրաւ ժողովուրդը խոտ է:  Խոտը կ’չորանայ, ծաղիկը կ’թառամէ, բայց մեր Աստուծոյ խօսքը կ’մնայ յաւիտեան:  Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուած: 10  Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կ’գայ, եւ նորա բազուկը կ’իշխէ նորա համար. ահա իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին: 11  Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին: 12  Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով: 13  Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց: 14  Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր: 15  Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են: 16  Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն: 17  Բոլոր ազգերը նորա առաջին ոչնչի պէս են. ոչնչից էլ պակաս են եւ ունայնութիւն են համարվում նորա համար: 18  Ուրեմն ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան: 19  Կուռքը արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաների է ձուլում: 20  Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա մի անշարժ կուռք շինէ: 21  Մի՞թէ չ’գիտէք, մի՞թէ չ’լսեցիք, մի՞թէ չ’պատմուեցաւ ձեզ առաջուց. մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից: 22  Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար: 23  Նա է իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում: 24  Նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս: 25  Ուրեմն ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը: 26  Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. մէկը չի կորչիլ: 27  Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը: 28  Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. նորա հանճարը անքննելի է: 29  Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում: 30  Եւ երիտասարդներն կ’յոգնեն եւ կ’վաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կ’թուլանան, 31  Բայց Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ:

Ծանոթագրություններ