Եսայիա 43։1-28

43  Եւ հիմա այսպէս է ասում Տէրը՝ քո Ստեղծողը, ով Յակոբ, եւ քո Արարիչը, ով Իսրայէլ. Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թէ դու իմն ես:  Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերովը՝ նորանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրուիլ, եւ բոցը քեզ պիտի չ’վառէ:  Որովհետեւ ես Տէրս քո Աստուածն եմ, Իսրայէլի Սուրբս քո Փրկիչն եմ. ես Եգիպտոսը քեզ տեղ փրկանք եմ տուել, Եթովպիան եւ Սաբան՝ քեզ տեղ փոխարէն:  Որովհետեւ իմ աչքին պատուական երեւեցար, պատիւ գտար. եւ ես քեզ սիրեցի. եւ քո փոխարէն մարդ պիտի տամ, եւ ժողովուրդներ՝ քո հոգիի փոխարէն:  Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ. քո սերունդը արեւելքից եմ բերելու, եւ ես արեւմուտքիցը ժողովելու եմ քեզ:  Ասելու եմ հիւսիսին. Տուր. եւ հարաւին՝ թէ Մի արգելիր. բեր իմ որդիներին հեռուից, եւ իմ աղջիկներին՝ երկրի ծայրից:  Բոլոր իմ անունով կոչուածներին, եւ որոնց ես ստեղծել եմ իմ փառքի համար, նորանց կազմեցի եւ արի էլ:  Հանեցէք կոյր ժողովրդին, որ աչքեր ունի. եւ խուլերին, որոնք ականջներ ունին:  Բոլոր ազգերը ժողովուին մէկտեղ, եւ ժողովուրդները հաւաքուին. ո՞վ կայ նորանցում որ սա իմացնէ, եւ առաջի բաները մեզ լուր տայ. թող բերեն իրանց վկաներին որ արդարանան, եւ մարդիկը լսեն եւ ասեն՝ Ճշմարիտ է: 10  Դուք էք իմ վկաները, ասում է Տէրը. եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ. որպէս զի գիտենաք եւ հաւատաք ինձ, եւ հասկանաք որ ես եմ. ինձանից առաջ մի աստուած չ’կազմուեցաւ, եւ ինձանից յետոյ չի լինելու: 11  Ես եմ Եհովայ. եւ ինձանից ջոկ Փրկիչ չ’կայ: 12  Ես իմացրի ու փրկեցի եւ լուր տուի, եւ մի օտարը չ’կար ձեր մէջը. եւ դուք իմ վկաներն էք, ասում է Տէրը, որ ես եմ Աստուած: 13  Նաեւ վաղուց* ’ի վեր ես նոյնն եմ, եւ չկայ իմ ձեռքից փրկող. ես որ գործեմ, ո՞վ է որ արգիլէ: 14  Այսպէս է ասում Տէրը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. Ձեր պատճառովն ուղարկեցի Բաբիլոն, եւ նորանց ամենը ցած իջեցրի իբրեւ փախստականներ, եւ Քաղդէացիներին իրանց ցնծութեան նաւերովը: 15  Ես եմ Եհովայ՝ ձեր Սուրբը, Իսրալէլի Ստեղծողը՝ ձեր Թագաւորը. 16  Այսպէս է ասում Եհովան, որ ծովումը ճանապարհ է շինում եւ զօրաւոր ջրերի մէջ՝ ուղի. 17  Որ դուրս է բերում կառքն ու ձին, եւ զօրքն ու ոյժը. միասին կ’պառկեն, բայց վեր չեն կենալ. նորանց պատրոյգի պէս կ’հանգչեն ու կ’անցնեն: 18  Առաջինները մի յիշէք. եւ հին բաները մի մտաբերէք: 19  Ահա ես նոր բան եմ անում. հիմա կ’յայտնուի. մի՞թէ չէք իմանալ: Նաեւ մի ճանապարհ եմ շինելու անապատումը, ամայի տեղերումն էլ՝ գետեր: 20  Ինձ պիտի փառաւորեն դաշտի գազանները, չագալները եւ ջայլամները. որովհետեւ ջուր պիտի տամ անապատումը, գետեր՝ ամայի տեղերումը, իմ ընտրեալ ժողովրդին խմեցնելու համար: 21  Այն ազգը, որ ես կազմել եմ ինձ համար, պիտի պատմէ իմ օրհնաբանութիւնը: 22  Բայց ոչ թէ ինձ կանչեցիր, ով Յակոբ, այլ դու ինձանից ձանձրացար, ով Իսրայէլ: 23  Դու ինձ համար չես բերել քո ողջակէզների ոչխարները, եւ քո զոհերովը չ’փառաւորեցիր ինձ. ես քեզ չ’ծառայեցրի ընծայով, եւ քեզ չ’վաստակեցրի կնդրուկով: 24  Դու ինձ համար արծաթով խնկեղէգ չես առել, եւ քո զոհերի ճարպովը ինձ չես կշտացրել, այլ դու ինձ նեղացրել ես քո մեղքերովը, եւ ինձ վաստակեցրել ես քո անօրէնութիւններովը: 25  Ես՝ ես եմ, որ ջնջում եմ քո յանցանքները իմ պատճառով եւ քո մեղքերը չեմ յիշում: 26  Յիշեցրու ինձ, միասին դատուինք. դու պատմիր, որպէս զի արդարանաս: 27  Քո նախահայրը մեղք գործեց, եւ քո բարեխօսները ապստամբուեցին ինձ դէմ: 28  Եւ ես պիղծ համարեցի սրբարանի իշխաններին եւ Յակոբը նզովք շինեցի, եւ Իսրայէլը՝ նախատինք:

Ծանոթագրություններ

43։13 Եբր. օրից։