Եսայիա 44։1-28

44  Եւ հիմա ականջ դիր, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Իսրայէլ, որին ես հաւանել եմ:  Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն*, որին ես հաւանել եմ:  Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ:  Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ:  Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի:  Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. եւ ինձանից ջոկ Աստուած չ’կայ:  Եւ ո՞վ կայ ինձ նման որ կանչէ, թող իմացնէ եւ կարգադրէ ինձ համար, իմ յաւիտենական ժողովուրդ շինելուց հետէ. թող ապագայ բաները, որ կատարուելու են, իմացնեն մեզ:  Մի զարհուրիք եւ մի վեհերիք. չէ՞ որ ես քեզ վաղուց լուր տուի, եւ ասեցի թէ Դուք իմ վկաներն էք. մի՞թէ ինձանից ջոկ Աստուած կայ. եւ մէկ վէմ չ’կայ. ես չ’գիտեմ:  Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. եւ իրանց վկաներն իրանք են. նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն: 10  Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է: 11  Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին: 12  Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան*, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է: 13  Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ: 14  Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է: 15  Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաև վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում: 16  Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ: 17  Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը: 18  Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չ’տեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չ’իմանան: 19  Եւ նա միտք չէ անում, եւ գիտութիւն չ’ունի ու հասկացողութիւն չ’ունի, որ ասէ. Նորա կէսը ես այրեցի կրակով, եւ նորա կայծերի վերայ հաց էլ թխեցի, միս խորովեցի եւ կերայ, եւ մնացածը գարշելի բան շինե՞մ, եւ փայտի կոճը պաշտե՞մ: 20  Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ Մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը: 21  Յիշիր այս, ով Յակոբ, եւ դու, ով Իսրայէլ, որովհետեւ դու իմ ծառան ես. ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, դու ինձանից չես մոռացուած: 22  Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ: 23  Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է: 24  Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի. 25  Որ ստախօսների նշանները փչացնում եմ, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում: 26  Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ Պիտի բնակուիս, եւ Յուդայի քաղաքներին՝ թէ Պիտի շինուիք. եւ կանգնեցնում եմ նորա աւերակները. 27  Որ ասում եմ յորձանքին՝ Չորացիր. եւ ցամաքեցնում եմ քո գետերը. 28  Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր:

Ծանոթագրություններ

44։2 Այսինքն՝ Իսրայէլ։
44։12 Այսինքն՝ կուռքը. տես հմր. 10։