Եսայիա 45։1-25

45  Այսպէս է ասում Տէրը իր օծեալին՝ Կիւրոսին, որին ես բռնել եմ աջ ձեռքիցը, որ ազգերը իջեցնեմ նորա առաջին, եւ թագաւորների երանքները թուլացնեմ, որ բանամ նորա առաջին դռների փեղկերը, եւ դռները նորա առաջին չ’կապուին:  Ես պիտի գնամ քո առաջից, եւ խորտուբորտ տեղերը պիտի հաւասարեցնեմ, պղնձի դռները պիտի փշրեմ, եւ երկաթի նիգերը պիտի կոտրատեմ:  Եւ քեզ պիտի տամ խաւարի միջի գանձերը. եւ ծածուկ տեղերում պահուած հարստութիւնները, որպէս զի իմանաս թէ ես եմ Եհովան, որ կանչեցի քեզ քո անունովը՝ Իսրայէլի Աստուած.  Իմ ծառայ Յակոբի համար, եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար՝ կանչեցի քեզ քո անունովը, ես քեզ մականուն դրի, թէեւ ինձ չէիր ճանաչում:  Ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ. ինձանից ջոկ Աստուած չ’կայ. ես քեզ օգնեցի, թէեւ դու ինձ չէիր ճանաչում.  Որպես զի իմանան արեւելքից եւ արեւմուտքից, որ ինձանից ջոկ մէկը չ’կայ. ես եմ Տէրը, եւ ուրիշը չ’կայ.  Որ հաստատում եմ լոյսը եւ ստեղծում խաւարը. որ անում եմ խաղաղութիւնը եւ ստեղծում չարիքը. ես Տէրս եմ այս բոլորն անողը:  Ցօղացէք վերեւից, ով երկինքներ, եւ նօսր ամպերը արդարութիւն շաղ տան, երկիրը բացուի, եւ ծաղկի փրկութիւն, եւ արդարութիւն ծլի միասին. ես Եհովաս եմ ստեղծել այն:  Վա՜յ իր Արարչի հետ վիճողին, խեցիների հետ մի խեցի երկրիցը. մի՞թէ կաւը կ’ասէ իր կազմողին թէ Ի՞նչ ես անում, եւ քո գործքը քո մասին, թէ Նա ձեռք չ’ունի: 10  Վա՜յ իր հօրն ասողին թէ Ի՞նչ ես ծնում, եւ կնոջը՝ թէ Ի՞նչ ես երկունք քաշում: 11  Այսպէս է ասում Եհովան. Իսրայէլու սուրբը եւ նորա Արարիչը, ապագայ բաներն ինձանից հարցրէք, իմ որդկանց եւ իմ ձեռքի գործքի համար ինձ պատուիրեցէք: 12  Ես եմ շինել երկիրը եւ մարդին նորա վերայ ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը, եւ ես պատուիրում եմ նորա բոլոր զօրքին: 13  Եւ ես նորան զարթեցրի արդարութիւնով, եւ նորա բոլոր ճանապարհներն ուղղում եմ. նա պիտի շինէ իմ քաղաքը. եւ իմ գերեվարեալներին ետ պիտի ուղարկէ. առանց վարձքի եւ առանց կաշառքի, ասում է Զօրաց Տէրը: 14  Այսպէս է ասում Տէրը. Եգիպտոսի վաստակածը եւ Եթովպիայի ու երկայնահասակ Սաբայեցիներին վաճառքը քեզ են անցնելու եւ քոնն են լինելու. նորանք ման են գալու քո ետեւից, շղթաներով անց են կենալու, խոնարհուելու են քո առաջին, եւ քեզ աղաչանք են անելու, թէ միայն քո մէջը կայ Աստուած, եւ նորանից ջոկ ուրիշ Աստուած չ’կայ: 15  Յիրաւի դու ծածկապատուած Աստուած ես, ով Իսրայէլի Փրկիչ Աստուածը: 16  Նորանք ամենքը պիտի ամաչեն եւ պատկառեն, միասին պիտի ամօթահար լինեն կուռք շինողները: 17  Իսրայէլը պիտի փրկուի Տիրոջ ձեռքով յաւիտենական փրկութիւնով. պիտի չ’ամաչէք եւ չ’պատկառէք յաւիտեանս յաւիտենից: 18  Որովհետեւ այսպէս է ասում Եհովան՝ երկինքն ստեղծողը, նա է Աստուած, որ կազմեց երկիրը, եւ արաւ նորան՝ հաստատեց նորան. նորան չ’ստեղծեց դարտակ, այլ բնակուելու համար ստեղծեց նորան. Ես եմ Եհովան, եւ ուրիշը չ’կայ: 19  Ես ոչ թէ ծածուկում եմ խօսել՝ երկրի մութ տեղը. եւ չ’ասեցի Յակոբի սերունդին՝ թէ Զուր տեղը որոնեցէք ինձ. ես Եհովաս արդարութիւն եմ խօսում, ճշմարիտ բաներ եմ յայտնում: 20  Ժողովուեցէք եւ եկէք, միասին մօտեցէք, ով ազգերի աստուածները, չեն հասկանում իրանց կուռքի փայտը կրողները, եւ այնպիսի աստուծոյ աղօթք անողները, որ չի փրկիլ: 21  Իմացրէք եւ մօտեցրէք, նորանք էլ միասին խորհուրդ անեն. ո՞վ է լուր տուել այս բաները վաղուց, այն ժամանակից՝ իմացրել այս. չէ՞ որ ես Եհովաս, եւ որ ուրիշ Աստուած չ’կայ ինձանից ջոկ, ճշմարիտ եւ փրկող Աստուած չ’կայ բացի ինձանից: 22  Ով երկրի բոլոր ծայրերը, դէպի ինձ դարձէք որ փրկուիք. որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ. 23  Ինձանով երդում արի, իմ բերանից արդարութեան խօսք դուրս եկաւ եւ ետ չի դառնալ, որ ինձ պիտի կրկնուի ամեն ծունկ եւ ամեն լեզու երդում անէ, 24  Միմիայն Տէրովը կայ ինձ համար արդարութիւն եւ զօրութիւն, պիտի ասէ. նորան մօտ պիտի եան եւ ամաչեն բոլոր նորա դէմ բորբոքուածները: 25  Տէրով պիտի արդարանան եւ պարծենան Իսրայէլի բոլոր սերունդը:

Ծանոթագրություններ