Եսայիա 48։1-22

48  Լսեցէք այս, ով Յակոբի տուն, որ Իսրայէլի անունովը կոչուած էք, որ Յուդայի ջրերիցն էք դուրս եկել, որ երդում էք անում Եհովայի անունովը եւ Իսրայէլի Աստուծուն յիշում, բայց ոչ թէ ճշմարտութիւնով եւ ոչ թէ արդարութիւնով:  Որովհետեւ նորանք սուրբ քաղաքիցն են կոչվում, եւ Իսրայէլի Աստուծոյ վերայ են կռնում, որի անունը Զօրաց Տէր է:  Առաջի բաները վաղուց եմ իմացրել, եւ իմ բերանիցը դուրս եկան, եւ ես նորանց իմացրի. ես յանկարծ կատարեցի, եւ նորանք եղան:  Որովհետեւ գիտէի, որ դու պինդ ես, եւ քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղնձից է.  Նորա համար վաղուց քեզ պատմեցի, եւ գալուց առաջ քեզ լուր տուի, մի գուցէ ասես՝ Իմ արձանս արաւ սորանց. եւ իմ քանդակած եւ ձուլած կուռքս է հրամայել այն:  Դու լսեցիր, մտիկ արա ամենին. եւ դուք չէ՞իք խոստովանելու. քեզ այսուհետեւ նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չ’գիտէիր:  Հիմա են նորանք ստեղծագործուել եւ ոչ թէ վաղուց, եւ այս օրից առաջ դու նորանց չես լսել, որպէս զի չ’ասես թէ Ահա ես գիտէի նորանց:  Դու ոչ լսել ես, եւ ոչ էլ գիտէիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց. որովհետեւ ես գիտէի, որ դու խիստ նենգաւոր ես, եւ որովայնիցը քեզ ապստամբ են կոչում:  Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չ’փչացնեմ: 10  Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում: 11  Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ: 12  Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ: 13  Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կ’կանգնեն. 14  Ամենքդ ժողովուեցէք եւ լսեցէք. նորանցից ո՞րն է իմացրել այս բանը. Եհովայի սիրածը պիտի կատարէ նորա կամքը Բաբիլոնում, եւ նորա բազուկը Քաղդէացիների վերայ: 15  Ես՝ ես եմ խօսել, եւ նորան կանչել էլ, ես նորան բերել եմ, եւ նորա ճանապարհը պիտի յաջողուի: 16  Մօտեցէք ինձ, լսեցէք այս բանը. ես ծածուկ չեմ խօսել առաջուց. սա լինելու ժամանակից ’ի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա Եհովայ Տէրն է ինձ ուղարկել, եւ նորա հոգին: 17  Այսպէս է ասում Տէրը, քո Փրկիչը Իսրայէլի Սուրբը. Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը: 18  Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս. 19  Եւ աւազի նման կ’լինէր քո սերունդը, եւ քո երանքի զաւակունքը՝ նորա խիճին չափ, նորա անունը իմ առաջից չէր կտրուիլ եւ չէր փչանալ: 20  Դուրս եկէք Բաբիլոնից, փախէք Քաղդէացիներիցը, ցնծալի ձայնով պատմեցէք հրատարակեցէք այս, հռչակեցէք այս մինչեւ երկրի ծայրը. ասեցէք, Եհովան փրկել է իր ծառայ Յակոբին: 21  Եւ նորանք չ’ծարաւեցին՝ նա նորանց անապատներում ման ածելիս, ջուրը վէմիցը հոսեցրեց նորանց համար, եւ պատառեց վէմը, եւ ջուրերը բղխեցին: 22  Խաղաղութիւն չ’ունին ամբարիշտները, ասում է Տէրը:

Ծանոթագրություններ