Եսայիա 49։1-26

49  Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ: Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.  Եւ իմ բերանը սրած թուրի պէս է արել, իր ձեռքի հովանիի տակին ծածկել է ինձ, եւ ինձ փայլուն նետ է շինել, եւ ինձ թագցրել է իր կապարփումը:  Եւ ինձ ասել է. Դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, որ քեզանով պիտի փառաւորուիմ:  Բայց ես ասում էի թէ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ:  Եւ հիմա ասում է Տէրը, ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի:  Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը:  Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է:  Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները:  Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ Փայլեցէք. նորանք ճանապարհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ: 10  Նորանք պիտի չ’սովածանան եւ չ’ծարաւեն, եւ նորանց պիտի չ’զարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց: 11  Եւ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան: 12  Ահա սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը: 13  Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին: 14  Բայց Սիօնն ասեց. Եհովան ինձ ձգել է. եւ Տէրը մոռացել է ինձ: 15  Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ: 16  Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն եմ միշտ: 17  Քո որդիքը պիտի շտապեն, քեզ քանդողներն ու աւերողները դուրս պիտի գան քեզանից: 18  Աչքերդ բարձրացրու շուրջանակի եւ տես, բոլորը ժողովվում գալիս են քեզ մօտ. կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ դու նորանց ամենին էլ հագնելու ես զարդի պէս, եւ նորանցով գօտեւորուելու ես հարսի պէս: 19  Որովհետեւ քո աւերակները եւ քո ամայի տեղուանքը, եւ քո փլատակների երկիրը, հիմա նեղ պիտի լինի բնակիչների համար. եւ քեզ կլանողները պիտի հեռանան: 20  Դեռ ասելու են քո ականջներին քո ամուլութեան որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար, տեղ տուր ինձ, որ բնակուեմ: 21  Եւ դու ասելու ես քո սրտումը, սորանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզաւակ եւ ամուլ էի. եւ գերի եւ աքսորուած էի, եւ սորանց ո՞վ է մեծացրել. ահա ես մինակ էի մնացել. սորանք ո՞րտեղ էին: 22  Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վերայ, եւ ժողովուրդների վերայ վեր եմ հանում իմ դրօշակը, եւ նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին: 23  Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները՝ քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն. եւ դու կ’գիտենաս, որ ես եմ Եհովայ, որ չեն ամաչիլ ինձ յուսացողները: 24  Մի՞թէ հզօրից կ’առնուի աւարը, կամ արդարի գերին կ’ազատուի՞: 25  Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Այո, տղամարդի գերին էլ կ’առնուի, եւ հզօրի աւարն էլ կ’ազատուի. եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ: 26  Եւ պիտի ուտեցնեմ քեզ հարստահարողներին իրանց միսը, եւ իբր թէ նոր գինիով պիտի գինովնան իրանց արիւնովը. եւ ամեն մարմին կ’իմանայ, որ ես եմ Տէրը՝ քո Փրկիչը, եւ քեզ փրկողը՝ Յակոբի հզօրը:

Ծանոթագրություններ