Եսայիա 5։1-30

5  Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը իր այգիի մասին: Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին:  Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ:  Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ:  Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. եւ նա ազոխ բերաւ:  Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ, ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ:  Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չ’յօտուի եւ չ’բրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չ’տեղան:  Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ:  Վա՜յ նորանց որ տունը տանն են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ:  Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, Անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի: 10  Որովհետեւ տասը լծավար այգին մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ: 11  Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է: 12  Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի նորանց խնջոյքներումը. բայց Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում: 13  Նորա համար իմ ժողովուրդը տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից: 14  Նորա համար դժոխքը կ’լայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կ’բանայ, եւ նորա մէջ կ’իջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը: 15  Եւ ռամիկ մարդը կ’խոնարհուի, եւ տղամարդը վայր կ’ընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կ’ցածանան: 16  Եւ Զօրաց Տէրը կ’բարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կ’սրբուի արդարութիւնով: 17  Եւ ոչխարները կ’արածեն իրանց արօտումը, եւ հարուստներից մնացած աւերակները օտարները կ’ուտեն: 18  Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով. 19  Որոնք ասում են. Թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ Իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք: 20  Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն: 21  Վա՜յ նորանց որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն: 22  Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում. 23  Որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից: 24  Նորա համար ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին: 25  Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ սարերը դողում են. եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է: 26  Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ սուլելու է նորանց երկրի ծայրիցը, եւ ահա նորանք շուտով հեշտութեամբ գալիս են: 27  Յոգնածը չ’կայ, եւ սահողը չ’կայ նորանցում. մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում: 28  Որի նետերը սրուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման: 29  Նորա մռնչիւնը առիւծի նման է. գոռում է կորիւնների պէս. եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չ’կայ: 30  Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. եւ նա դէպի երկիրը մտիկ կ’տայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ:

Ծանոթագրություններ