Եսայիա 51։1-23

51  Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.  Նայեցէք ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նորան օրհնեցի եւ նորան բազմացրի:  Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորան անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն:  Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ լոյս պիտի հաստատեմ ազգերի համար:  Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ իմ բազուկները դատում են ժողովուրդներին: Կղզիները ինձ են յոյս դնում, եւ իմ բազուկին ապաւինում:  Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ:  Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրէնքն ունիս սրտումդ. մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք:  Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից:  Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր: 10  Մի՞թէ դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար: 11  Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը: 12  Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած: 13  Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կարծես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը: 14  Կալանաւորը շուտով պիտի արձակուի, եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացի չի պակասուիլ: 15  Եւ ես եմ քո Տէր Աստուածը, որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը: 16  Եւ իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու: 17  Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր: 18  Մի առաջնորդող չ’ունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չ’կայ իր մեծացրած բոլոր որդկանցից: 19  Երկու բաներ են, որ քեզ պատահել են. ո՞վ է կարող քեզ մխիթարել. կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. ես քեզ որո՞վը մխիթարեմ: 20  Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը: 21  Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, բայց ոչ թէ գինով. 22  Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բաժակը, եւ դու այլ եւս պիտի չ’խմես այն: 23  Եւ նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար:

Ծանոթագրություններ