Եսայիա 52։1-15

52  Զարթնիր, զարթնիր, հագիր զօրութիւնդ, ով Սիօն, քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ՝ սուրբ քաղաք. որովհետեւ այլեւս պիտի միւսանգամ չ’մտնէ քո մէջը անթլփատը եւ պիղծը:  Քեզ թափ տուր հողիցը, վեր կաց, նստիր, ով Երուսաղէմ, բաց արա պարանոցիդ կապեր, ով Սիօնի գերի աղջիկը:  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի ծախուեցաք, եւ առանց փողի պիտի փրկուիք:  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Իմ ժողովուրդն առաջ իջաւ Եգիպտոս այնտեղ պանդխտանալու, եւ Ասորեստանցիք զուր տեղը նորան ճնշեցին:  Եւ հիմա, ես ի՞նչ ունիմ այստեղ, ասում է Տէրը, որովհետեւ զուր վեր առնուեցաւ իմ ժողովուրդը, նորա վերայ իշխողները բղաւում են, ասում է Տէրը, եւ միշտ ամեն օր հայհոյվում է իմ անունը:  Սորա համար պիտի գիտենայ իմ ժողովուրդը իմ անունը, սորա համար այն օրը՝ թէ ես եմ այն որ ասում եմ. Ահա ես:  Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում, բարիք աւետում, փրկութիւն քարոզում, որ ասում է Սիօնին՝ քո Աստուածը թագաւոր է:  Ահա քո պահապանները ձայն են բարձրացնում, միասին բարձրաձայն ցնծում, որովհետեւ դէմ յանդիման պիտի տեսնեն, երբոր Տէրը ետ բերէ Սիօնին:  Աղաղակեցէք, բարձրաձայն ցնծացէք միասին, ով Երուսաղէմի փլատակներ. որ Տէրը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղէմին: 10  Տէրը մերկացրել է իր սուրբ բազուկը, բոլոր ազգերի աչքի առաջին, եւ երկրի բոլոր ծայրերը պիտի տեսնեն մեր Աստուծոյ փրկութիւնը: 11  Հեռացէք, հեռացէք, այնտեղից դուրս եկէք, պիղծ բանի մի դպչիք, դուրս եկէք նորա միջիցը, մաքուր եղէք, ով Տիրոջ սպասները կրողները: 12  Որովհետեւ հապճեպով չ’պիտի դուրս գաք, եւ փախչելով էլ չէք գնալ, այլ Տէրը պիտի գնայ ձեր առաջից եւ ձեր թիկնապահը Իսրայէլի Աստուածն է: 13  Ահա իմ ծառան իմաստութիւնով պիտի վարուի, պիտի մեծանայ եւ բարձրանայ եւ շատ փառաւորուի: 14  Ինչպէս որ շատերը ապշեցին քեզ վերայ, (այնպէ՜ս խանգարուած է նորա տեսքը մարդի տեսքից, եւ կերպարանքը մարդի որդկանց կերպարանքից.) 15  Նոյնպէս պիտի զարմացնէ շատ ազգեր, թագաւորները պիտի խփեն նորա առաջին իրանց բերանը. որովհետեւ պիտի տեսնեն այն՝ որ իրանց չէ պատմուած, եւ այն որ չեն լսած՝ պիտի իմանան:

Ծանոթագրություններ