Եսայիա 53։1-12

53  Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ:  Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծառաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չ’կար, որ նորան ախորժէինք:  Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում:  Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած:  Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք:  Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենքի մեղքը:  Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ:  Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ:  Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չ’կար նորա բերանումը: 10  Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. երբոր նորա հոգին* մեղքի զոհն առաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը: 11  Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց: 12  Նորա համար նորան բաժին պիտի տամ շատերի հետ, եւ նա հզօրների հետ աւար պիտի բաժանէ, նորա փոխարէն որ իր անձը մատնեց* մահուան, եւ յանցաւորների հետ հաշուեցաւ. եւ նա շատերի մեղքը վեր առաւ, եւ յանցաւորների համար միջնորդեց:

Ծանոթագրություններ

53։10 Կամ՝ անձը։
53։12 Եբր. թափեց։