Եսայիա 57։1-21

57  Արդարը կորչում է եւ ուշադրութիւն անող մարդ չ’կայ, եւ բարի մարդիկ վեր են առնվում առանց մէկի իմանալու, թէ չարիքի առաջից վեր առնուեցաւ արդարը:  Նա մտնում է խաղաղութեան մէջ. նորանք հանգչում են իրանց հանգչարաններումը, որոնք ուղղութեամբ են վարվում:  Բայց դուք այստեղ մօտեցէք, ով վհուկ կնոջ որդիք, ով պոռնկի եւ բոզի սերունդ:  Ո՞ւմ վերայ էք ծաղրում, ո՞ւմ վերայ էք լայնացնում ձեր բերանը, եւ լեզուն՝ երկարացնում. չէ՞ որ դուք անօրէնութեան զաւակներ՝ ստութեան սերունդ էք.  Որ տաքանում էք բեւեկնիի կուռքերով ամեն կանաչ ծառի տակին, որ մորթում էք մանուկներին ձորերում վէմերի խոռոչների տակին:  Ձորի կոկած քարերն էին քո բաժինը. նորանք են՝ նորանք քո վիճակը. նորանց էլ թափեցիր նուէր՝ մատուցրիր ընծայ. մի՞թէ ես կ’դիմանամ սորանց.  Բարձրացած եւ վեր ելած սարի վերայ դրիր քո անկողինը, այնտեղ էլ բարձրացար զոհ զոհելու համար:  Եւ դռների եւ դրանդիների ետեւ դրիր քո յիշեցուցիչները, որ ինձանից հեռու մերկացնես, եւ վեր ելնես. լայնացրիր անկողինդ եւ դաշինքով վարձեցիր քեզ համար նորանցից, նորանց անկողինը սիրեցիր, ուր որ էլ տեսար:  Դու թագաւորի մօտը գնացիր իւղով, եւ շատացրիր քո անուշահոտութիւնները, եւ դեսպաններիդ մինչեւ հեռու տեղեր ուղարկեցիր, եւ խոնարհուեցար մինչեւ դժոխքը. 10  Քո ճանապարհի շատութիւնիցը վաստակեցիր, բայց մէկ չ’ասեցիր թէ Յոյս չ’կայ. ձեռքիդ վերակենդանութիւնը գտար. դորա համար ցաւ չ’ունեցար: 11  Եւ ո՞ւմից էիր զարհուրում եւ վախենում, որ սուտ ասեցիր, եւ ինձ չ’յիշեցիր եւ հոգս չ’արիր. չէ՞ որ ես լռել եմ եւ այն էլ վաղուց ’ի վեր, եւ դու ինձանից չես վախենում: 12  Եւ պիտի յայտնեմ քո արդարութիւնը, եւ քո գործերը, եւ նորանք քեզ օգուտ չ’ունին: 13  Դու աղաղակելիս՝ թող ժողոված կուռքերդ քեզ փրկեն. բայց նորանց ամենն էլ քամին պիտի տանի, մէկ շունչ պիտի վեր առնէ, բայց ինձ յուսացողը պիտի ժառանգէ երկիրը, եւ ստանայ իմ սուրբ սարը: 14  Եւ նա ասում է. Հորդեցէք, հորդեցէք, ճանապարհ բացէք, վեր առէք խոչն իմ ժողովրդի ճանապարհիցը: 15  Որովհետեւ այսպէս է ասում Բարձրը եւ Բարձրեալը, յաւիտենականութեան մէջ բնակողը, եւ որի անունը Սուրբ է. Ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց լինում եմ կոտրած եւ խոնարհ հոգի ունեցողի հետ, որ խոնարհների հոգին կենդանացնեմ, եւ կենդանացնեմ սրտով կոտրուածներին: 16  Որովհետեւ ես չեմ վիճելու յաւիտեան, եւ չեմ բարկանալու միշտ, նորա համար որ կ’նուաղէին իմ առաջին հոգին եւ ոգիները, որոնք ես ստեղծել եմ: 17  Ես նորա ագահութեան անօրէնութեանը համար բարկացայ, եւ նորան զարկեցի. ես ծածկուեցայ եւ բարկացայ, եւ նա ետ ետ գնաց իր սրտի ճանապարհովը: 18  Նորա ճանապարհները ես տեսել եմ, եւ ես բժշկելու եմ նորան. եւ նորան առաջնորդելու ու նորան եւ նորա սգաւորներին մխիթարելու եմ: 19  Շրթունքների պտուղն ստեղծելով, Խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռուներին եւ մօտիկներին, ասում է Տէրը, եւ ես պիտի բժշկեմ նորան: 20  Բայց ամբարիշտները ալէծուփ ծովի նման են, որ չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս: 21  Խաղաղութիւն չ’կայ, ասում է իմ Աստուածը, ամբարիշտների համար:

Ծանոթագրություններ