Եսայիա 58։1-14

58  Կոկորդալիր գոչիր, մի խնայիր, փողի պէս բարձրացրու ձայնդ, եւ իմացրու իմ ժողովրդին իրանց յանցանքը, եւ Յակոբի տանն՝ իրանց մեղքերը.  Բայց նորանք ինձ խնդրում են օր ըստ օրէ, եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ իբրեւ մի ազգ, որ արդարութիւն է գործում, եւ իր Աստուծոյ իրաւունքը զանց չէ անում, եւ ինձանից հարցնում են արդարութեան իրաւունքը, եւ փափաքում են Աստուծոյ մօտենալ.  Ի՞նչու մենք ծոմ ենք պահում, եւ դու չես տեսնում. մենք ճգնեցնում ենք մեր անձերը, եւ դու չ’գիտես: Ահա ձեր ծոմ օրը բաղձանք էք կատարում, եւ ձեր բոլոր աշխատաւորներին նեղում էք:  Ահա կռուի եւ հակառակութեան համար էք ծոմ պահում, եւ անզգամութեան բռունցքով զարկելու համար. դուք այս օրը ծոմ չէք պահում, որ ձեր ձայնը լսելի անէք բարձրումը:  Այսպէ՞ս կ’լինի այն ծոմը, որին ես եմ հաւանում, իբրեւ մի օր, որ մարդ ճգնում է իր հոգովը, գլուխը քաշ է գցել կնիւնի պէս, եւ քուրձն ու մոխիրը անկողին է շինել. սա՞ ես դու ծոմ կոչում, եւ Տիրոջը հաճելի օ՞ր:  Ահա սա է ծոմը, որին ես հաւանում եմ. լուծիր անիրաւութեան կապանքները, բաց արա լուծի կոշոռները. եւ ջարդուածներին ազատ թող տուր, եւ ամեն տեսակ լուծ կոտրեցէք:  Այո, հացդ կտրիր տուր սովածին, եւ թափառական խեղճերին տար տունդ, երբոր մի մերկ տեսնես, նորան հագցրու, եւ քեզ պէս մարմին ունեցողից քեզ մի ծածկիր:  Այն ժամանակ քո լոյսը արշալոյսի պէս պիտի ծագի, եւ քո բժշկութիւնը շուտով պիտի բուսնի, եւ քո արդարութիւնը պիտի գնայ քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահէ քեզ ետեւից:  Այն ժամանակ դու կ’կանչես, եւ Տէրը կ’պատասխանէ. դու կ’աղաղակես, եւ նա կ’ասէ. Ահա ես: Եթէ որ հեռացնես քո միջից լուծը, մատնելը եւ չարախօսութիւնը դէն գցես, 10  Եւ կերակրես սովածին ախորժանօքդ, եւ կարօտի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լոյսը կ’ծագի խաւարումը, եւ քո խաւարը կ’լինի կէս օրուայ պէս: 11  Եւ Տէրը քեզ միշտ կ’առաջնորդէ, եւ կ’կշտացնէ քո անձը երաշտներումը, եւ ոսկորներդ կ’զօրացնէ, եւ ջրարբի պարտէզի նման կ’լինես, եւ ջրի ակնի պէս՝ որի ջուրը չի պակասիլ: 12  Եւ քոնոնքը պիտի շինեն մշտակայ աւերակները. եւ դու կ’կանգնեցնես դարերից ի վեր աւերակ հիմերը, եւ քեզ կ’կոչեն՝ Խրամակարկատ եւ շէն ճանապարհները վերանորոգող: 13  Եթէ ետ դարձնես շաբաթից քո ոտքը, որ բաղձանքդ չ’կատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն, եւ Տիրոջ նուիրուածը՝ պատուական, եւ նորան պատուես՝ քո ճանապարհները չ’կատարելով, եւ քո բաղձանքը չ’լրացնելով եւ դատարկաբանութիւն չ’անելով, 14  Այն ժամանակ կ’զուարճանաս Տէրովը, եւ ես քեզ վեր կ’հանեմ երկրի բարձր տեղերը, եւ քեզ կ’ուտեցնեմ քո հայր Յակոբի ժառանգութիւնը. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց:

Ծանոթագրություններ