Եսայիա 59։1-21

59  Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց, եւ նորա ականջը չէ ծանրացել լսելուց.  Այլ ձեր անօրէնութիւններն են բաժանում ձեր եւ ձեր Աստուծոյ մէջ տեղը. եւ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չ’լսէ:  Որովհետեւ ձեր ձեռքերը պղծուած են արիւնով, եւ ձեր մատերը՝ անօրէնութիւնով, ձեր շրթունքները սուտ են խօսում, ձեր լեզուն անիրաւութիւն է արտաբերում:  Չ’կայ արդարութեամբ բողոքող, եւ չ’կայ ճշմարտութեամբ դատ վարող, նորանք յոյս են դնում դարտակ բաների, եւ խօսում են ունայնութիւն. յղի են թշուառութիւնով եւ կ’ծնեն անօրէնութիւն:  Քարբի ձուերով են թուխս գալիս, եւ սարդի ոստաայն են հինում, նորանց ձուերիցն ուտողը կ’մեռնի, եւ կոտրուողիցը իժ է դուրս պրծնում:  Նորան ոստայնները հանդերձ չեն դառնալ, եւ չի ծածկուիլ նորանց գործերովը, նորանց գործերը անօրէնութեան գործեր են, եւ բռնութեան գործ է նորանց ձեռքինը:  Նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են անմեղ արիւն թափելու, նորանց խորհուրդները անօրէնութեան խորհուրդներ են, նորանց ճանապարհներումը աւերում ու ապականութիւն կայ:  Խաղաղութեան ճանապարհը չ’գիտեն, եւ իրաւունք չ’կայ նորանց ուղիներումը. իրանց շաւիղները ծռմռել են, ամեն ով որ նորանում ման է գալիս՝ խաղաղութիւն չ’գիտէ:  Սորա համար իրաւունքը հեռացաւ մեզանից, եւ մեզ չէ հասնում արդարութիւնը. սպասում ենք լոյսի՝ եւ ահա խաւարը, պայծառութեան՝ եւ ահա մառախուղում ենք ման գալիս: 10  Կոյրերի պէս պատն ենք շօշափում, եւ աչք չ’ունեցողի պէս խարխափում ենք. գլորվում ենք կէս օրին կարծես թէ գիշեր լինի, պարարտների մէջ լինելով մեռելների պէս ենք: 11  Ամենքս մռնչում ենք արջերի պէս, եւ աղաւնիների պէս ճվճվում, սպասում ենք դատաստանի, բայց չ’կայ, փրկութեան՝ բայց նա մեզանից հեռու է: 12  Որովհետեւ շատացել են մեր յանցանքները քո առաջին, եւ մեր մեղքերը վկայում են մեզ դէմ, որովհետեւ մեր յանցանքները մեզ հետ են, եւ մենք մեր անօրէնութիւնները գիտենք: 13  Յանցանք ենք գործել, եւ ուրացել ենք Տիրոջը, եւ խոտորել ենք մեր Աստուծուն հետեւելուցը, բռնութիւն եւ ապստամբութիւն ենք խօսել, եւ մեր սրտերումը փուչ բաներ մտածել: 14  Եւ դատաստանը ետ է դառել, եւ արդարութիւնը՝ հեռուանց կանգնել, որովհետեւ ճշմարտութիւնը գլորվում է հրապարակումը, եւ ուղղութիւնը չէ կարողանում ներս մտնել: 15  Ճշմարտութիւնը աներեւոյթ է դառնում, եւ չարութիւնից հեռացողը կողոպտվում է: Եւ Տէրը տեսաւ, եւ սա չար երեւեցաւ նորա աչքին, որովհետեւ իրաւունք չ’մնաց: 16  Եւ տեսաւ որ մարդ չ’կար, եւ զարմացաւ որ միջնորդ չ’կար. եւ նորա բազուկը օգնեց նորան, եւ նորա արդարութիւնը նորան նպաստեց: 17  Եւ նա հագաւ արդարութիւնը զրահի պէս, եւ փրկութեան սաղաւարտը իր գլխին. եւ վրէժխնդրութեան զգեստը հագաւ իբրեւ պատմուճան, եւ նախանձն իր վերայ առաւ վերարկուի պէս: 18  Գործերին համեմատ հատուցում է տալու. բարկութիւն՝ իր հակառակորդներին, հատուցում՝ իր թշնամիներին, եւ կղզիներին իրանց վարձքը պիտի հատուցանէ: 19  Եւ պիտի վախենան Տիրոջ անունից արեւմուտքից եղողները, եւ նորա փառքիցը՝ արեւելքից եղողները. երբոր թշնամին գետի պէս գայ, Տիրոջ հոգին նորան կ’փախցնէ: 20  Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար, եւ Յակոբի մէջ յանցանքից ետ դարձողների համար, ասում է Տէրը: 21  Իմ էլ ուխտը նորանց հետ սա է, ասում է Տէրը. Իմ հոգին որ քեզ վերայ է, եւ իմ խօսքերը որ դրել եմ քո բերանումը, պիտի չ’պակասեն քո բերանից եւ քո զաւակների բերանից եւ քո զաւակների զաւակների բերանիցը, ասում է Տէրը, այսուհետեւ մինչեւ յաւիտեան:

Ծանոթագրություններ