Եսայիա 62։1-12

62  Սիօնի պատճառովը ես չեմ լռելու, եւ Երուսաղէմի համար չեմ հանգստանալու, մինչեւ որ ծագէ նորա արդարութիւնը արշալուսի պէս, եւ նորա փրկութիւնը՝ բոցավառ ջահի պէս:  Եւ ազգերը պիտի տեսնեն քո արդարութիւնը, եւ բոլոր թագաւորութիւնները՝ քո փառքը, եւ քեզ նոր անունով պիտի կոչեն, որ Տիրոջ բերանը կ’անուանէ:  Եւ դու փառաւոր պսակ կ’լինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը:  Այլ եւս քեզ չեն ասիլ՝ Թողուած, եւ քո երկրին այլ եւս չեն ասիլ՝ Աւերակ, այլ քեզ պիտի ասուի՝ Իմ հաւանածը, եւ քո երկրին՝ Ամուսին ունեցող, որովհետեւ Տէրը քեզ հաւանելու է, եւ քո երկիրն ամուսնանալու է:  Որովհետեւ երիտասարդ կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանան, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք է քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը:  Քո պարիսպների վերայ, ով Երուսաղէմ, պահապաններ եմ դրել. նորանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնաւ պիտի չ’լռեն. դուք ով Տիրոջը յիշողներ, մի լռէք,  Եւ նորան դադար մի տաք, մինչեւ որ նա հաստատէ, եւ մինչեւ որ նա Երուսաղէմը օրհնութիւն շինէ երկրումը:  Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկովը, թէ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չ’խմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր:  Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը: 10  Անցէք՝ անցէք դռներիցը, պատրաստեցէք ժողովրդի ճանապարհը, ուղղեցէք՝ ուղղեցէք ուղին, քարերը միջիցը հանեցէք, դրօշակ բարձրացրէք ազգերի համար: 11  Ահա Տէրը լսել է տուել մինչեւ երկրի ծայրը. ասեցէք Սիօնի աղջկանը՝ Ահա քո Փրկիչը գալիս է, ահա նորա վարձքը նորա հետն է, եւ նորա հատուցումը նորա առաջին: 12  Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ. եւ քեզ պիտի կոչեն. Ուզուած, Չ’թողուած քաղաք:

Ծանոթագրություններ