Եսայիա 65։1-25

65  Ես որոնուեցի նորանցից, որ չէին հարցնում. ես գտնուեցայ նորանցից, որ ինձ չէին խնդրում. եւ ասեցի. Ահա ես, ահա ես, այն ազգին, որ իմ անունը չէր կանչել:  Ես տարածեցի իմ ձեռքերը ամեն օր դէպի մի ապստամբ ժողովուրդ, որոնք գնում են մի այնպիսի ճանապարհով որ լաւ չէ, իրանց խորհուրդների ետեւից.  Մի այնպիսի ժողովուրդ, որ ինձ բարկացնում են միշտ իմ առաջին, որոնք զոհում են այգիներում, եւ խունկ են ծխում աղիւսների վերայ.  Որոնք բնակվում են գերեզմաններում, եւ գաղտուկ տեղերում օթեւանում, որոնք խոզի միս են ուտում, եւ որոնց ամանների մէջ պղծութիւններ կան փրթուած.  Որոնք ասում են՝ Մէկ կողմ քաշուիր, ինձ մի դիպչիր, որ ես քեզանից սուրբ եմ: Սորանք ծուխ են իմ ռնգաց մէջ, բորբոքուած կրակ են ամեն օր:  Ահա գրուած է իմ առաջին, չ’պիտի լռեմ, այլ պիտի հատուցանեմ, եւ հատուցանեմ նորանց ծոցը.  Ձեր անօրէնութիւնները եւ ձեր հայրերի անօրէնութիւնները մէկտեղ, ասում է Տէրը, որոնք խունկ ծխեցին սարերի վերայ, եւ բլուրների վերայ անարգեցին ինձ, եւ ես ետ պիտի չափեմ իրանց առաջի գործն իրանց առաջին  Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս քաղցու է գտնվում ողկոյզի մէջ, եւ ասում են. Դորան մի փչացնիր, որովհետեւ օրհնութիւն կայ միջումը, նոյնպէս եմ անելու ես էլ իմ ծառաների համար, որպէս զի ամենքին չ’փչացնեմ:  Եւ Յակոբիցը սերունդ՝ եւ Յուդայից իմ սարերի մի ժառանգ պիտի հանեմ, եւ իմ ընտրեալները պիտի ժառանգեն այն, եւ իմ ծառաները՝ այնտեղ պիտի բնակուեն: 10  Եւ Սարօնը պիտի հօտերի փարախ լինի եւ Աքովրի ձորը՝ արջառների մակաղատեղ իմ ժողովրդի համար, որ ինձ խնդրելու է: 11  Բայց դուք Տիրոջը թողողներ էք, իմ սուրբ սարը մոռացողներ, Գադ կուռքին սեղան պատրաստողներ, եւ Մենի կուռքին նուէր լցնողներ էք: 12  Եւ ես էլ ձեզ որոշեցի սուրի համար, եւ ամենքդ պիտի ծռուիք մորթուելու. որովհետեւ կանչեցի եւ դուք չ’պատասխանեցիք, խօսեցի եւ դուք չ’լսեցիք. այլ չարութիւն արիք իմ աչքի առաջին, եւ ինձ հաճելի չեղածն ընտրեցիք: 13  Նորա համար Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն, բայց դուք պիտի սոված մնաք, ահա իմ ծառաները պիտի խմեն, բայց դուք պիտի ծարաւ մնաք, ահա իմ ծառաները պիտի ուրախանան, բայց դուք պիտի ամաչէք: 14  Ահա իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից, բայց դուք պիտի գոռաք սրտի ցաւից, եւ սրտաբեկութիւնից պիտի ոռնաք: 15  Եւ ձեր անունը պիտի թողէք իբրեւ անէծք իմ ընտրեալների համար, եւ Տէր Եհովան քեզ պիտի մեռցնէ, բայց իր ծառաներին պիտի մի ուրիշ անուն կանչէ: 16  Որ երկրի վերայ օրհնուողը պիտի օրհնուի ճշմարիտ Աստուծով, եւ երկրի վերայ երդում անողը՝ երդում անէ ճշմարիտ Աստուծով, որովհետեւ այն առաջի նեղութիւնները մոռացուեցան, եւ նորանք ծածկուած են իմ աչքի առաջից: 17  Որովհետեւ ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան: 18  Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ: Որովհետեւ ահա ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն: 19  Եւ ես պիտի ցնծամ Երուսաղէմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. եւ այլ եւս պիտի չ’լսուի նորանց լացի ձայն եւ ողբի ձայն: 20  Եւ այլ եւս պիտի չ’լինի այնտեղից մի քանի օրական մանուկ, եւ մի ծեր, որ իր օրերը լրացրած չ’լինի. որովհետեւ երիտասարդը պիտի հարիւր տարեկան մեռնի, եւ հաիւր տարուան մեղաւորը պիտի անիծուի: 21  Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն: 22  Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները: 23  Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն, եւ չ’ծնեն թշուառութեան համար. որովհետեւ նորանք Տիրոջը օրհնեալների սերունդը կ’լինեն, եւ նորանց զաւակունքն էլ նորանց հետ: 24  Եւ պիտի լինի, որ նորանք դեռ չ’կանչած՝ ես կ’պատասխանեմ եւ նորանք դեռ խօսելիս՝ ես կ’լսեմ: 25  Գայլը եւ գառը միասին կ’արածեն, եւ առիւծը արջառի պէս խոտ կ’ուտէ. եւ օձի կերակուրը հող է լինելու: Նորանք պիտի չ’վնասեն եւ չ’ապականեն իմ բոլոր սուրբ սարի վերայ, ասում է Տէրը:

Ծանոթագրություններ