Եսայիա 7։1-25

7  Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Ոզիայի որդի Յովաթամի որդի Աքազի օրերումը, որ Ասորիների Ռասին թագաւորը եւ Իսրայէլի թագաւոր՝ Ռովմելայի որդի Փակէէն վեր եկան Երուսաղէմ նորա հետ պատերազմելու, բայց չ’կարողացան նորա հետ պատերազմ անել:  Եւ Դաւիթի տանը լուր տրուեցաւ ասելով թէ Ասորին բանակ է կազմել Եփրեմի հետ. այն ժամանակ դողաց նորա սիրտը եւ նորա ժողովրդի սիրտը ինչպէս որ անտառի ծառերը դողում են քամիիցը:  Եւ Տէրն ասեց Եսայիային. Գնա մէկ Աքազին դիմաւորելու՝ դու եւ քո որդին Սէար–յասուբը*՝ վերի աւազանի ջրմուղի ծայրը, թափիչի ագարակի ճանապարհի վերայ.  Եւ ասիր նորան. Զգոյշ եղիր որ հանդարտ լինիս, մի վախենար եւ սիրտդ չ’թուլանայ այս երկու ծուխ անող կիսայրեաց խանձողներից, բարկութիւնը բորբոքուած Ռասինից եւ Ասորիներից եւ Ռովմելայի որդիիցը:  Որովհետեւ Ասորին քո մասին չար խորհուրդ է արել, նաեւ Եփրեմն ու Ռովմելայի որդին, ասելով.  Վեր գնանք Յուդայի վերայ եւ ահաբեկ անենք նորան եւ նուաճենք նորան մեզ համար, եւ նորա մէջ թագաւոր դնենք Տաբէելի որդիին:  Այսպէս է ասում Եհովայ Տէրը. Պիտի չ’հաստատուի եւ չ’կատարուի այդ:  Որովհետեւ Ասորիների գլուխը Դամասկոսն է, եւ Դամասկոսի գլուխը՝ Ռասինը. եւ դեռ մինչեւ վաթսունեւհինգ տարին Եփրեմը կ’ջնջուի ազգ լինելուց:  Եւ Եփրեմի գլուխն է Սամարիան, եւ Սամարիայի գլուխը՝ Ռովմելայի որդին. եթէ չ’հաւատաք, յիրաւի չէք մնալ: 10  Եւ Տէրը դարձեալ խօսեց Աքազի հետ ասելով. 11  Մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովայ Աստուածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը: 12  Բայց Աքազն ասեց. Չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ: 13  Նա էլ ասեց. Հիմա լսեցէք, ով Դաւիթի տունը, սա քի՞չ բան է ձեզ համար որ մարդկանց աշխատութիւն էք տալիս, որ Աստուծուն էլ էք աշխատութիւն տալիս. 14  Սորա համար Տէրն ինքը ձեզ նշան կ’տայ. ահա կոյսը կ’յղանայ եւ կ’ծնէ մի որդի, եւ նորա անունը կ’կանչէ Էմմանուէլ: 15  Նա կոգի եւ մեղր կ’ուտէ մինչեւ որ գիտենայ չարը մերժել եւ լաւը ընտրել: 16  Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կ’թողուի այն երկիրը որոնց երկու թագաւորների առաջը դու վախենում ես: 17  Տէրը քեզ վերայ եւ քո ժողովրդի վերայ եւ քո հօր տանը վերայ այնպիսի օրեր է բերելու, որ չեն եկած Եփրեմը Յուդայից հեռանալու օրից հետէ. այսինքն Ասորեստանի թագաւորին: 18  Եւ կ’լինի այն օրը, որ Տէրը կ’սուլէ այն ճանճերին, որ Եգիպտոսի գետի եզերքումն են. եւ այն մեղուներին որ Ասորեստանի երկրումն են. 19  Եւ ամենքը կ’գան եւ կ’հանգչեն ամայի ձորերումը եւ վէմերի խոռոչներումը, եւ ամեն թուփերում եւ ամեն արօտներում: 20  Այն օրը Տէրը վարձած ածելիով՝ գետի այն կողմի Ասորեստանի թագաւորով կ’ածիլէ գլուխը եւ ոտքերի մազը, ու նաեւ մօրուքը կ’սափրէ: 21  Եւ այն օրը կ’լինի որ մէկ մարդ մէկ երինջ եւ երկու ոչխար կ’պահէ: 22  Եւ կ’լինի որ կաթը շատ շինելուց կոգի կ’ուտէ. որովհետեւ կոգի եւ մեղր կ’ուտեն ամենքը որ մնացած կ’լինին երկրի մէջ: 23  Եւ այն օրը կ’լինի, որ ամեն մի տեղ ուր որ կար հազար որթ հազար արծաթի, ցախ եւ փուշ դարձած կ’լինի: 24  Նետերով ու աղեղներով կ’գնան այնտեղ, որովհետեւ բոլոր երկիրը ցախեր ու փուշեր դարձած կ’լինի: 25  Եւ բոլոր սարերը, որ բրիչով փորվում էին, չես կարողանալ գնալ այնտեղ՝ ցախի ու փուշի երկիւղի պատճառով. եւ արջառների արօտ եւ խաշինքների կոխան կ’դառնայ:

Ծանոթագրություններ

7։3 Այսինքն՝ Մնացորդը կը դառնայ։