Եսայիա 9։1-21

9  Առաջին ժամանակը անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, բայց վերջումը յարգելու է. ծովի ճանապարհը, Յորդանանի միւս կողմի, Հեթանոսների Գալիլեան,  Խաւարումը գնացող ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. մահուան ստուերի երկրումը բնակողների վերայ լոյս ծագեց:  Դու շատացրիր ազգը, մեծացրիր նորա ուրախութիւնը. նորանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախութեան պէս. ինչպէս որ ցնծում են աւար բաժանելիս:  Որովհետեւ նորա ծանրաբեռ լուծը եւ նորա մէջքի գաւազանը, նորա վերայ բռնացողի ցուպը կոտրեցիր՝ Մադիամի օրուայ պէս:  Որովհետեւ ճակատամարտի մէջ զինուորեալների բոլոր զէնքերը եւ արիւնաթաթախ հանդերձները պիտի այրուին եւ հրոյ ճարակ լինին:  Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան:  Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորանում հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան: Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս:  Տէրը պատգամ ուղարկեց Յակոբին, եւ նա իջաւ Իսրայէլի վերայ:  Եւ թող իմանայ բոլոր ժողովուրդը՝ Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտաւանութեամբ եւ սրտի հպարտութեամբ ասում են. 10  Աղիւսները ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կ’շինենք, մոլաթզենիքը կտրուեցան, բայց մենք նորանց տեղ եղեւիններ կ’դնենք: 11  Սակայն Տէրը պիտի յարուցանէ Ռասինի հակառակորդներին նորա վերայ, եւ նորա թշնամիներին՝ գրգռէ: 12  Ասորիքն առաջիցը, եւ Փղշտացիքն ետեւիցը, եւ պիտի ուտեն Իսրայէլին լիքը բերանով: Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է: 13  Բայց ժողովուրդը ետ չէ դառնում դէպի իրան զարկողին, եւ Զօրաց Տիրոջը չեն խնդրում: 14  Եւ Տէրը կտրելու է Իսրայէլից գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը մէկ օրում: 15  Ծերը եւ պատուաւորը գլուխն է, իսկ մարգարէն որ ստութիւն է սովորեցնում՝ ագին է: 16  Եւ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են, եւ նորանցից առաջնորդուողները պիտի կուլ գնան: 17  Այս պատճառով Տէրը չի ուրախանալ նորա երիտասարդների վերայ, եւ նորա որբերին ու որբեւայրիներին չի ողորմիլ: Որովհետեւ ամենքը կեղծաւոր ու չարագործ եղան, եւ ամեն բերան յիմարութիւն է խօսում: Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է: 18  Որովհետեւ կրակի պէս այրում է անօրէնութիւնը, ցախերն ու փուշերը լափում է եւ վառում է անտառի ծմակները եւ վեր են քլքլում բարձր ծխասիւներով: 19  Զօրաց Տիրոջ բարկութիւնիցն երկիրը այրուելու է, եւ ժողովուրդը կրակի ճարակի պէս է լինելու, մարդ իր եղբօրը չէ խնայելու: 20  Եւ կտրելու են աջ կողմից, բայց սոված են մնալու, եւ ձախ կողմիցն ուտելու են, բայց չեն կշտանալու. ամեն մարդ իր բազուկների միսն է ուտելու. 21  Մանասէն՝ Եփրեմին, եւ Եփրեմը՝ Մանասէին, եւ նորանք մէկտեղ Յուդայի վերայ: Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել եւ նորա ձեռքը դեռ մեկնած է:

Ծանոթագրություններ