Եսթեր 2։1-23

2  Այս բաներից յետոյ, երբոր Ասուերոս թագաւորի բարկութիւնը նստել էր, յիշեց Վաշթիին եւ նորա արածը եւ նորա դէմ եղած վճիռը:  Եւ թագաւորին սպասաւորող ծառաներն ասեցին. Թագաւորի համար գեղեցկադէմ կոյս աղջիկներ թող որոնեն.  Եւ թագաւորը թող իր թագաւորութեան բոլոր գաւառներումը վերակացուներ դնէ, որ ամեն գեղեցկադէմ կոյս աղջիկ բերեն Շուշան մայրաքաղաքը կանանց պալատը կանանց պահապան թագաւորի ներքինի Հեգէի ձեռքի տակ ժողովեն, եւ տան նորանց մաքրութիւնների պիտոյքները:  Եւ այն աղջիկը, որ թագաւորի աչքին հաճելի լինի, թագուհի դառնայ Վաշթիի տեղը: Եւ այս բանը հաճելի երեւեցաւ թագաւորին, եւ նա այնպէս արաւ:  Մէկ Հրէայ մարդ կար Շուշան մայրաքաղաքում, եւ նորա անունն էր Մուրթքէ՝ որդի Յայիրի, որդի Սեմէիի, որդի Բենիամինեան Կիսի.  Որ գերի էր տարուած Երուսաղէմից այն գերիների հետ, որ Յուդայի Յեքոնիա* թագաւորի հետ գերի տարուեցան, որոնց գերի տարաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը:  Եւ նա սնուցանում էր իր հօրեղբօր աղջիկ Ադասսային այսինքն Եսթերին. որովհետեւ սա հայր եւ մայր չ’ունէր. եւ այդ աղջիկը գեղեցիկ էր կերպարանքով եւ գեղեցիկ դէմքով. եւ երբոր նորա հայրն ու մայրը մեռան՝ Մուրթքէն նորան աղջիկ էր առել իր համար:  Եւ երբոր թագաւորի հրամանը եւ հրովարտակը լսուեցաւ, եւ շատ աղջիկներ էին ժողովվում Շուշան մայրաքաղաքը Հեգէիի ձեռքի տակ, Եսթերն էլ տարուեցաւ թագաւորի պալատը կանանց պահապան Հեգէիի ձեռքի տակ:  Եւ աղջիկը հաճելի եղաւ նորա աչքին եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ նա շուտով տուաւ նորան մաքրութիւնների պիտոյքը եւ նորա ռոճիկը եւ այն եօթն աղախիններին, որ նշանակուած էին նորան տրուելու թագաւորական պալատից. եւ փոխադրեց նորան եւ նորա աղախիններին կանանց պալատի լաւագոյն տեղը: 10  Եսթերը չ’յայտնեց իր ազգը եւ իր ծնունդը. որովհետեւ Մուրթքէն նորա պատուիրել էր թէ չ’յայտնէ: 11  Եւ ամեն օր Մուրթքէն ման էր գալիս կանանց պալատի գաւիթի առաջին, որ իմանար Եսթերի առողջութիւնը, եւ թէ նորան ինչ է լինելու: 12  Եւ երբոր իւրաքանչիւր աղջկան կարգը գալիս էր Ասուերոս թագաւորի մօտ գնալու համար կանանց սովորութեան պէս տասնեւերկու ամիսը լրանալուց յետոյ, (որովհետեւ այսպէս էին լրանում նորանց մաքրութիւնները՝ վեց ամիս զմռսի իւղով, եւ վեց ամիս անուշահոտ խունկերով եւ կանանց մաքրութիւնների պիտոյքներովը,) 13  Այն ժամանակ աղջիկը գնում էր թագաւորի մօտ. ամեն ինչ որ նա պահանջէր, տրվում էր նորան որ նորա հետ գնար կանանց պալատիցը թագաւորի պալատը: 14  Իրիկունը գնում էր եւ առաւօտը ետ էր դառնում կանանց միւս տունը թագաւորի ներքինի՝ եւ հարճերի պահապան Սաասգազի ձեռքի տակ. նա միւսանգամ թագաւորի մօտ չէր գալ, բայց միայն եթէ թագաւորը նորան հավանէր եւ նորան անունով կանչէր։ 15  Եւ երբոր կարգն եկաւ Մուրթքէի հօրեղբայր Աբիքէլի աղջիկ Եսթերին, որին Մուրթքեն իրան աղջիկ էր վեր առել, որ գնար թագաւորի մօտ, ոչինչ չ’պահանջեց բացի նորանից որ ասեց թագաւորի ներքինի կանանց պահապանը՝ Հեգէին. Եւ Եսթերը շնորհք գտաւ բոլոր իրան տեսնողների առաջին։ 16  Եւ Եսթերն տարուեցաւ Ասուերոս թագաւորի մօտ նորա թագաւորութեան տունը տասներորդ ամսի այսինքն Թէբէթ ամսումը՝ նորա թագաւորութեան եօթներորդ տարիումը։ 17  Եւ թագաւորը Եսթերին՝ բոլոր կնիկներից աւելի սիրեց, եւ նա բոլոր աղջիկներից աւելի սէր եւ շնորհք գտաւ նորա առաջին, եւ թագաւորական թագը դրաւ նորա գլխին, եւ նորան թագուհի շինեց Վաշթիի տեղ։ 18  Եւ թագաւորը մեծ խնջոյք արաւ իր բոլոր իշխաններին եւ ծառաներին այսինքն Եսթերի խնջոյքը, եւ հանգստութիւն շնորհեց գաւառներին եւ թագաւորի վայելուչ պարգեւներ տուաւ։ 19  Եւ երբոր երկրորդ անգամ աղջիկներ ժողովեցին, այն ժամանակ Մուրթքէն նստում էր թագաւորի դռան։ 20  Եսթերը չէր յայտնել իր ծնունդը եւ ազգը ինչպէս որ Մուրթքէն նորան պատուիրել էր. եւ Եսթերն անում էր Մուրթքէի հրամանը այնպէս ինչպէս նորա մօտ սնանելու ժամանակին։ 21  Այս օրերը երբոր Մուրթքէն թագաւորի դռանը կենում էր, չարացան Բիգթան եւ Թարէս՝ թագաւորի երկու ներքինիները, որ դռան պահապաններիցն էին, որ ձեռք երկարացնեն Ասուերոս թագաւորի դէմ։ 22  Եւ այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին, եւ նա իմացրեց Եսթեր թագուհիին. Եւ Եսթերն ասեց թագաւորին Մուրթքէի անունովը։ 23  Եւ այս բանը քննուեցաւ ու ստուգուեցաւ. եւ նորանք երկուսը կախուեցան փայտից. եւ սա գրուեցաւ ժամանակագրութեան գրքումը թագաւորի առաջին։

Ծանոթագրություններ

2։6 դ Թագ. 24:6 «Յովաքին։»