Եսթեր 3։1-15

3  Այս բաներից յետոյ Ասուերոս թագաւորը մեծացրեց Ագագացի Ամադաթայի որդի Համանին եւ բարձրացրեց նորան, եւ նորա աթոռն իր հետ եղող բոլոր իշխաններից վեր դրաւ։  Եւ թագաւորի բոլոր ծառաները, որ թագաւորի դռանն էին, խոնարհվում եւ երկրպագում էին Համանին, որովհետեւ թագաւորը այսպէս էր պատուիրել նորա մասին, բայց Մուրթքէն նորա առաջին չ’խոնարհուեցաւ եւ չ’երկրպագեց նորան.  Եւ թագաւորի դռան եղող թագաւորի ծառաներն ասեցին նորան. Դու ի՞նչու համար ես զանց անում թագաւորի պատուէրը։  Եւ երբոր նորանք ամեն օր ասում էին նորան, եւ նա նորանց չէր լսում, այն ժամանակ յայտնեցին Համանին, որ տեսնեն թէ Մուրթքէին խօսքերը կ’հաստատուի՞ն. որովհետեւ նա նորանց ասել էր թէ Հրէայ է։  Եւ երբոր Համանը տեսաւ որ Մուրթքէն չէ ծռվում նորան երկրպագում, այն ժամանակ Համանը շատ բարկացաւ։  Եւ մի նուաստ բան երեւեցաւ նորա աչքին որ ձեռք երկարացնէր մինակ Մուրթքէի դէմ, որովհետեւ յայտնել էին նորան Մուրթքէի ազգը. վասնորոյ խորհեց Համանը կորցնել Մուրթքէի ազգը՝ բոլոր Հրէաներին որ Ասուերոսի բոլոր թագաւորութեան մէջ կային։  Առաջին ամսին՝ այսինքն Նիսան ամսին, Ասուերոս թագաւորի տասնեւերկուերորդ տարին Փուր՝ այսինքն վիճակ գցեցին Համանի առաջին օրէ ցօր եւ ամսէ ցամիս այսինքն մինչեւ Ադար ամսի տասնեւերկուսը։  Եւ Համանն ասեց Ասուերոս թագաւորին. Մէկ ազգ կայ ցրուած եւ տարածուած ազգերի մէջ քո թագաւորութեան բոլոր գաւառներումը. եւ նորանց օրէնքը ամեն ժողովուրդներիցը տարբեր է, եւ թագաւորի օրէնքը չեն կատարում, եւ թագաւորին չէ վայելում նորանց թոյլ տալ։  Եթէ թագաւորին հաճելի է, թող հրաման գրուի որ նորանց փչացնեն. եւ ես տասը հազար տաղանդ արծաթ կշռած կ’տամ գործակատարների ձեռով, որ տանեն արքունի գանձարանը։ 10  Եւ թագաւորը հանեց մատանին իր ձեռից եւ նորան յանձնեց Հրէաների թշնամի Ագագացի Ամադաթայի որդի Համանին. 11  Եւ թագաւորն ասեց Համանին. Արծաթը քեզ է տրվում եւ ժողովուրդն էլ, որ ինչ որ հաճելի է քո աչքին՝ անես։ 12  Եւ առաջին ամսի տասնեւերեքերորդ օրը կանչուեցան թագաւորի գրագիրները, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս, ինչպէս որ Համանը պատուիրեց, թագաւորի նախարարներին, եւ ամեն կուսակալներին, եւ իւրաքանչիւր գաւառի եւ իւրաքանչիւր ազգի իշխաններին իրանց գրովը, եւ իւրաքանչիւր ազգի իր լեզուովը. Ասուերոս թագաւորի անունովը գրուեցաւ եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը։ 13  Եւ հրովարտակներ ուղարկուեցան սուրհանդակների ձեռքով թագաւորի բոլոր գաւառները, որ կորցնեն, սպանեն եւ փչացնեն բոլոր Հրէաներին երեխայիցը մինչեւ ծերը՝ տղերանցը եւ կանանցը մէկ օրում՝ տասնեւերկուերորդ ամսի այսինքն Ադար ամսի տասնեւերեքին, եւ նորանց աւարը յափշտակեն։ 14  Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իւրաքանչիւր գաւառում իբրեւ օրէնք՝ ամեն ազգերի հրատարակուած, որ նոյն օրուայ համար պատրաստ լինին։ 15  Սուրհանդակները դուրս եկան շտապելով թագաւորի խօսքովը. եւ հրամանը տրուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։ Եւ թագաւորն ու Համանը նստեցին խմելու եւ Շուշան քաղաքը շփոթուած էր։

Ծանոթագրություններ