Եսթեր 4։1-17

4  Եւ Մուրթքէն իմացաւ այս բոլոր եղածները, եւ Մուրթքէն պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու մոխիր ցանեց իր վերայ եւ գնաց քաղաքի մէջ եւ մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց.  Եւ եկաւ մինչեւ թագաւորի դռան մուտքը. որովհետեւ իրաւունք չ’կար թագաւորի դռան լինիլ քուրձ հագած։  Եւ ամեն գաւառներում ամեն տեղ, ուր որ թագաւորի խօսքը եւ հրամանը հասնում էր, Հրէաները մեծ սուգ էին ունենում, եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում. եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վերայ։  Եւ Եսթերի աղախինները եւ ներքինիներն եկան եւ պատմեցին նորան, եւ թագուհին շատ այլայլուեցաւ, եւ հանդերձներ ուղարկեց Մուրթքէին հագցնելու համար եւ նորա քուրձը նորանից վեր առնելու համար. բայց նա չ’ընդունեց։  Եւ Եսթերը կանչեց Հաթաքին որ թագաւորի ներքինիներիցն էր, որին թագաւորը տուել էր նորան, եւ նորան հրամայեց Մուրթքէի մասին որ իմանայ, թէ սա ի՞նչ է եւ ի՞նչու համար է սա.  Եւ Հաթաքը գնաց Մուրթքէի մօտ քաղաքի հրապարակը, որ թագաւորի դռան դիմացին էր։  Եւ Մուրթքէն պատմեց նորան ամեն ինչ որ նորան պատահել էր եւ այն որոշ գումար արծաթը, որ Համանն ասել էր թէ կշռով պիտի տար թագաւորի գանձարանին Հրէաների համար որ նորանց փչացնէ։  Եւ այն հրովարտակի պատճէնը, որ Շուշանում տրուել էր նորանց փչացնելու համար, տուաւ նորան, որ Եսթերին ցոյց տայ եւ նորան իմացնէ եւ նորան պատուիրէ, որ թագաւորի մօտը գնայ եւ նորան աղաչէ եւ նորա առաջին խնդրուածք մատուցանէ իր ազգի համար։  Եւ Հաթաքը գնաց եւ Մուրթքէի խօսքերը պատմեց Եսթերին։ 10  Եւ Եսթերն ասեց Հաթաքին եւ նորան պատուիրեց Մուրթքէի մօտ գնալ եւ ասել. 11  Թագաւորի բոլոր ծառաները եւ թագաւորի գաւառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չ’կանչուած մտնէ թագաւորի մօտ ներքին գաւիթը, մէկ հատ օրէնք կայ որ նորան կ’սպանեն՝ բացի նորանից, որին որ թագաւորը մեկնէ ոսկի գաւազանը, նա կ’ապրէ. բայց ես՝ ահա երեսուն օր է՝ չեմ կանչուել որ թագաւորի մոտ գնամ։ 12  Եւ Մուրթքէին պատմեցին Եսթերի խօսքերը։ 13  Եւ Մուրթքէն պատասխան ետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքումը թէ դու կ’ազատուիս թագաւորի տանը՝ բոլոր Հրէաներիցը։ 14  Եւ եթէ դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից Հրէաների համար ազատութիւն եւ փրկութիւն վեր կ’կենայ, բայց դու եւ քո հօր տունը կը կորչէք, եւ ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել։ 15  Եւ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքէին ասելով. 16  Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կ’մեռնեմ թող մեռնեմ։ 17  Այն ժամանակ Մուրթքէն գնաց եւ այն ամենին համեմատ արաւ որ Եսթերն իրան պատուիրել էր։

Ծանոթագրություններ