Եսթեր 5։1-14

5  Եւ եղաւ որ երրորդ օրը Եսթերը հագուեցաւ թագուհիի կերպով եւ կանգնեց թագաւորի տան ներքին գավիթումը թագաւորի պալատի դիմացը, եւ թագաւորը նստել էր իր թագաւորական աթոռի վերայ թագաւորի պալատումը՝ պալատի դռան դիմացը։  Եւ երբոր թագաւորը տեսաւ Եսթեր թագուհիին գաւիթումը կանգնած, նա շնորհք գտաւ նորա աչքի առաջին, եւ թագաւորը մէկնեց դէպի Եսթերն իր ձեռքի ոսկի գաւազանը. եւ Եսթերը մօտեցաւ եւ դպաւ գաւազանի ծայրին։  Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունիս, ով Եսթեր թագուհի, եւ ի՞նչ է ուզածդ. մինչեւ իմ թագաւորութեան կէսն էլ քեզ տրուի։  Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, գայ թագաւորը Համանի հետ այսօր այն խնջոյքին, որ պատրաստել եմ իր համար։  Եւ թագաւորն ասեց. Շուտով բերէք Համանին, որ Եսթերի ասածը կատարէ. եւ թագաւորը գնաց Համանի հետ Եսթերի արած խնջոյքին։  Եւ թագաւորն ասեց Եսթերին գինին խմելիս. Ի՞նչ է քո խնդիրքը, քեզ պիտի տրուի. եւ ի՞նչ է քո ուզածը մինչեւ թագաւորութեան կէսը, պիտի կատարուի։  Եւ Եսթերը պատասխանեց եւ ասեց. Իմ խնդիրքը եւ իմ ուզածը,  Եթէ ես շնորհք եմ գտել թագաւորի առաջին եւ եթէ հաճելի է թագաւորին իմ խնդիրքը տալու եւ իմ ուզածը կատարելու, թող գայ թագաւորը Համանի հետ այն խնջոյքին որ ես անելու եմ, եւ էգուց կ’անեմ թագաւորի խօսքին համեմատ։  Եւ Համանն այն օրը դուրս եկաւ ուրախ եւ սրտով զուարթ։ Բայց երբոր Համանը տեսաւ Մուրթքէին թագաւորի դռանը, որ ոչ վեր կացաւ եւ ոչ նորանից դողաց, Համանը Մուրթքէի վերայ բարկութիւնով լցուեցաւ։ 10  Սակայն Համանն իրան զսպեց եւ գնաց իր տունը, եւ մարդ ուղարկեց բերել տուաւ իր բարեկամներին եւ իր կնոջ Զերէսին։ 11  Եւ Համանը պատմեց նորանց իր հարստութեան շատութիւնը եւ որդկանցը բազմութիւնը, եւ այն ամենը որ թագաւորը նորան մեծացրել է եւ որ նորան բարձրացրել է թագաւորի ծառայ իշխաններից։ 12  Եւ ասեց Համանը. Ապաքէն Եսթեր թագուհին մէկ ուրիշին ներս չ’տարաւ թագաւորի հետ իր արած խնջոյքին բացի ինձանից. եւ նոյն իսկ էգուց հրաւիրուած եմ ես նորա մօտ թագաւորի հետ։ 13  Բայց այս ամենից գոհ չեմ՝ քանի որ ամեն ժամանակ Հրէայ Մուրթքէին տեսնում եմ թագաւորի դռանը նստած։ 14  Եւ ասեց նորան նորա կին Զերէսը եւ նորա բոլոր բարեկամները. Թող մի բարձր փայտ շինեն յիսուն կանգուն, եւ առաւօտն ասիր թագաւորին, որ Մուրթքէին կախեն նորա վերայ, յետոյ ուրախանալով խնջոյքին գնա թագաւորի հետ։ Եւ այս խօսքը հաճելի եղաւ Համանին, եւ նա փայտը շինեց։

Ծանոթագրություններ