Եսթեր 6։1-14

6  Այն գիշերը թագաւորի քունը փախաւ եւ հրամայեց որ ժամանակագրութեան յիշատակաց մատեանը բերեն. եւ թագաւորի առաջին կարդացուեցաւ։  Եւ գրուած գտնուեցաւ, որ Մուրթքէն իմացրել էր թագաւորի երկու ներքինի՝ Բիգթանի եւ Թարեսի մասին, որ դռան պահապաններիցն էին, որոնք ուզել էին Ասուերոս թագաւորի վերայ ձեռք երկարացնել։  Եւ թագաւորն ասեց. Ի՞նչ փառք կամ մեծութիւն տրուեցաւ Մուրթքէին սորա փոխարէն. եւ թագաւորի սպասաւոր ծառաներն ասեցին. Նորան մէկ բան չեն արել։  Եւ թագաւորն ասեց. Ո՞վ կայ գաւիթում. եւ Համանը եկել էր թագաւորի պալատի դրսի գաւիթը թագաւորին ասելու որ Մուրթքէին կախէին այն փայտի վերայ որ պատրաստել էր նորա համար։  Եւ թագաւորի ծառաներն ասեցին նորան. Ահա Համանը կանգնած է գաւիթումը. եւ թագաւորն ասեց. Ներս գայ։  Եւ Համանը ներս մտաւ, եւ թագաւորը նորան ասեց. Ի՞նչ պէտք է անել այն մարդին, որին թագաւորը բարեհաճէ պատուել։ Եւ Համանը ասում էր իր սրտումը. Թագաւորը որի՞ն պիտի բարեհաճէր պատիւ անել բացի ինձանից։  Եւ Համանն ասեց թագաւորին. Այն մարդին որին թագաւորը բարեհաճում է պատուել,  Թող բերեն թագաւորի հագած թագաւորական զգեստը, եւ թագաւորի հեծած ձին, եւ այն թագաւորական թագը որ դրվում է նորա գլխին.  Եւ այն զգեստը եւ ձին տրուի թագաւորի պատուաւոր իշխանների մէկի ձեռքը, եւ հագցնեն այն մարդին, որին թագաւորը բարեհաճել է պատուելու, եւ նորան հեծցնեն այն ձիան վերայ քաղաքի հրապարակումը եւ կանչեն նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։ 10  Եւ թագաւորն ասեց Համանին. Շուտով վեր առ զգեստն ու ձին ինչպէս որ ասեցիր եւ այդպէս արա Մուրթքէ Հրէային, որ նստում է թագաւորի դռանը, մէկ բան չ’պակասի քո բոլոր ասածիցը։ 11  Եւ Համանն առաւ զգեստը եւ ձին եւ հագցրեց Մուրթքէին, եւ հեծցրեց քաղաքի հրապարկումը եւ կանչեց նորա առաջիցը. Այսպէս է լինում այն մարդին որին թագաւորը բարեհաճէ պատուել։ 12  Եւ Մուրթքէն ետ դառաւ թագաւորի դուռը. բայց Համանը շտապեց իր տունը տրտում եւ գլուխը ծռած։ 13  Եւ Համանը պատմեց իր կնոջ՝ Զերէսին եւ իր բոլոր բարեկամներին ամեն ինչ որ պատահել էր իրան. եւ նորա իմաստունները եւ նորա կինը՝ Զերէսը ասեցին նորան. Եթէ Մուրթքէն Հրէաների սերունդիցն է, որի առաջին սկսել ես խոնարհուիլ, դու նորան չես կարող մէկ բան անել, այլ բոլորովին վայր ես ընկնելու նորա առաջին։ 14  Նորանք տակաւին խօսում էին նորա հետ, որ թագաւորի ներքինիները հասան նորան, որ շուտով նորան տանեն Եսթերի շինած խնջոյքին։

Ծանոթագրություններ