Եսթեր 8։1-17

8  Այն ժամանակ Ասուերոս թագաւորը Եսթեր թագուհիին տուաւ Հրէաների թշնամի Համանի տունը, եւ Մուրթքէն եկաւ թագաւորի առաջին, որովհետեւ Եսթերը նորան իմացրել էր, թէ նա նորա ինչն էր։  Եւ թագաւորն առաւ իր մատանին, որ հանել էր Համանիցը, եւ նորան տուաւ Մուրթքէին. եւ Եսթերը Մուրթքէին դրաւ Համանի տան վերայ։  Եւ Եսթերը դարձեալ խօսեց թագաւորի առաջին եւ ընկաւ նորա ոտքի առաջը, եւ լացաւ ու աղաչեց նորան, որ Ագագացի Համանի չարութիւնը եւ այն հնարքը, որ հնարել էր Հրէաների դէմ, խափանէ։  Եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերին ոսկի գաւազանը. եւ Եսթերը վեր կացաւ կանգնեց թագաւորի առաջին.  Եւ ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, եւ եթէ ես շնորհք եմ գտել նորա առաջին, եւ եթէ այս բանն ուղիղ է թագաւորի առաջին եւ ես հաճելի եմ նորա աչքին, թող հրաման գրուի, որ ետ դարձնեն Ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրութիւնները, որ գրել է թագաւորի բոլոր գաւառներումն եղող Հրէաներին փչացնելու համար։  Որովհետեւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, եւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը։  Եւ Ասուերոս թագաւորն ասեց Եսթեր թագուհիին եւ Հրէայ Մուրթքէին. Ահա ես Համանի տունը տուի Եսթերին, եւ նորան կախեցին փայտի վերայ նորա համար որ իր ձեռքը երկարացրել էր Հրէաների վերայ։  Դուք էլ գրեցէք Հրէաների մասին ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ թագաւորի անունովը, եւ կնքեցէք թագաւորի կնիքովը. որովհետեւ այն գիրը, որ գրուեցաւ թագաւորի անունովը եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը, ետ չեն դարձնիլ։  Եւ այն ժամանակ թագաւորի գրագիրները կանչուեցան երրորդ ամսի այսինքն Սիվան ամսի քսանեւերեքին, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս ինչպէս որ պատուիրեց Մուրթքէն, եւ ուղարկուեցան Հրէաներին եւ նախարարներին ու կուսակալներին եւ գաւառապետներին Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեւեօթը գաւառների իւրաքանչիւր գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը եւ Հրէաներին իրանց գրովն ու իրանց լեզուովը։ 10  Եւ գրեց Ասուերոս թագաւորի անունովը եւ կնքեց թագաւորի կնիքովը եւ հրովարտակներն ուղարկեց ձիաւոր սուրհանդակներով որ հեծած էին արքունի նժոյգների ձիաքուռակների*՝՝ վերայ, 11  Թէ թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին, որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կ’անեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն 12  Մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը տասնեւերկուերորդ ամսի՝ այսինքն Ադար ամսի տասնեւերեքին։ 13  Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իբրեւ օրէնք իւրաքանչիւր գաւառում ամեն ազգերի հրատարակուած, որ Հրէաները նոյն օրուայ համար պատրաստ լինին իրանց վրէժն իրանց թշնամիներիցն առնելու համար. 14  Թագաւորական նժոյգների՝ ձիաքուռակների հեծած սուրհանդակները, որ թագաւորի խօսքովը ստիպուելով շտապում էին դուրս գնացին. եւ այս օրէնքը հրատարակուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։ 15  Եւ Մուրթքէն դուրս եկաւ թագաւորի առաջից թագաւորական կապուտակ եւ սպիտակ հագուստով եւ մեծ ոսկի թագով, եւ բեհեզեայ ու ծիրանի պատմուճանով. եւ Շուշան քաղաքը ցնծաց եւ ուրախացաւ։ 16  Հրէաները լոյս եւ ուրախութիւն, ցնծութիւն եւ պատիւ ունեցան։ 17  Եւ բոլոր գաւառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագաւորի խօսքը եւ հրամանը, ուրախութիւն եւ ցնծութիւն էր լինում Հրէաների համար, խնջոյքի եւ տոնախմբութեան օր. եւ այն երկրի ժողովրդից շատերը Հրէայ էին դառնում. որովհետեւ Հրէաների վախն ընկել էր նորանց վերայ։

Ծանոթագրություններ

8։10 Կամ՝ ձիերի, նժոյգների եւ մատակ ձիերի քուռակ ջորիների։