Երգերի Երգ 4։1-16

4  Ահա դու գեղեցիկ ես, ով ընկերուհիս, գեղեցի՜կ. աչքերդ աղաւնիի աչքերի նման են ծամերիդ ետեւիցը. մազերդ Գաղաադի սարումը* պառկող այծերի հօտին են նման։  Ատամներդ լուացարանից դուրս եկող խուզած հօտի նման են. որոնք ամենքը երկուորեակ ծնողներ են, եւ ամուլը չ’կայ նորանց մէջ։  Որդան կարմրի թելի նման են քո շրթունքները, եւ բերանդ վայելուչ է. կիսած նռնի նման՝ այտերդ ծամերիդ տակին։  Պարանոցդ նման է Դաւիթի աշտարակին՝ զինարանի համար շինուած. ուր հազար ասպար կան կախուած, բոլորն էլ քաջազունների վահաններ։  Զոյգ ստինքդ նման է մի զոյգ ուլերի, երկուորեակ այծեամի, որ տարածում են շուշանների մէջ։  Քանի որ փչում է օրուայ քամին, եւ փախչում են նորա ստուերները, գնամ ես զմուռսի սարովը եւ կնդրուկի բլուրովը։  Բոլորովին գեղեցիկ ես, ով ընկերուհիս. եւ քեզ վերայ չ’կայ մի արատ։  Արի ինձ հետ Լիբանանիցը, ով հարս, ինձ հետ Լիբանանիցը. մտիկ տուր Ամանայի գագաթից, Սանիրի եւ Հերմոնի գագաթից. առիւծների բանակատեղից, ինձերի սարերիցը։  Սիրտս յափշտակել ես, ով իմ քոյր հարս. սիրտս յափշտակել ես նայուածքներիդ մէկովը, պարանոցիդ մանեակների մէկովը։ 10  Ի՜նչ գեղեցիկ է քո սէրը, ով իմ քոյր հարս, ինչ լաւ է քո սէրը գինիից, եւ քո իւղերի բուրմունքը՝ ամեն խունկերից։ 11  Մեղրախորիսխ է կաթում շրթունքներիցդ, ով հարս. մեղր ու կաթ կայ լեզուիդ տակին. եւ հանդերձներիդ հոտը Լիբանանի հոտին նման է։ 12  Փակուած այգի է իմ քոյր հարսը, փակուած ակն է, կնքուած աղբիւր է։ 13  Քո ոստերը նռնենիների դրախտ է պատուական պտուղներով, հինաներով ու նարդոսներով. 14  Նարդոս եւ քրքում, եղէգն ու կինամոն, ամեն խնկաբեր ծառով, զմուռսով եւ հալուէով, բոլոր գլխաւոր բուրմունքներով. 15  Պարտէզների աղբիւր, կենդանի ջրի ջրհոր, եւ Լիբանանից հոսած վտակներ։ 16  Զարթնիր, ով հիւսիս, եւ եկ, ով հարաւ, փչիր իմ պարտէզին, թող փռուին նորա բուրմունքը։ Թող իմ սիրականը իր պարտէզը գայ, եւ ուտէ նորա պատուական պտուղները։

Ծանոթագրություններ

4։1 Կամ՝ սարիցը երևացող։