Երգերի Երգ 5։1-16

5  Ես եկայ իմ պարտէզը, ով իմ քոյր հարս. քաղեցի իմ զմուռսն իմ բուրմունքի հետ. կերայ իմ խորիսխը իմ մեղրի հետ. խմեցի իմ գինին իմ կաթի հետ. կերէք, ով բարեկամներ, խմեցէք ու զուարթացէք, ով սիրելիներ։  Ես քնում եմ, բայց սիրտս արթուն է. սիրականիս ձայնն է, դուռը թակում է. Բաց ինձ համար, ով քոյրս, ընկերուհիս, աղաւնիս, կատարեալս. որովհետեւ գլուխս լիքն է ցօղով, վարսերս՝ գիշերուայ շաղերով։  Իմ պատմուճանը ես հանել եմ. ես ի՞նչպէս հագնեմ նորան. ոտներս լուացել եմ, եմ ի՞նչպէս աղտոտեմ նորանց։  Սիրականս ձեռքը մեկնեց ծակովը. եւ աղիքս գալարուեցան նորա համար.  Ես վեր կացայ որ բանամ սիրականիս համար. եւ ձեռքերիցս զմուռս կաթեց, եւ մատերիցս հեղուկ զմուռս փականքի բռնտեղի վերայ։  Ես բացի սիրականիս համար, բայց իմ սիրականը դարձել անցել էր. սիրտս գնացել էր՝ նա խօսելիս, որոնեցի նորան բայց չ’գտայ. կանչեցի, բայց չ’պատասխանեց։  Ինձ գտան քաղաքումը շուռ եկող պահապանները, խփեցին վիրաւորեցին ինձ. վեր առան քօղս վերայիցս պարիսպների պահապանները։  Երդում եմ տալիս ձեզ, ով Երուսաղէմի աղջկերք, եթէ գտնէք իմ սիրականին, ի՞նչ էք ասելու նորան. ասեցէք թէ Սիրով հիւանդ եմ ես։  Ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, ով կանանց գեղեցիկդ, ի՞նչ աւելի է քո սիրականը ուրիշ սիրականից, որ մեզ այդպէս երդում ես տալիս։ 10  Իմ սիրականը սպիտակ ու կարմիր է, բիւրերից գերազանց է։ 11  Նորա գլուխը ոսկի է մաքուր, նորա գէսերը ծածանվում են, սեւ են ագռաւի պէս։ 12  Նորա աչքերը ջրի վտակների մօտ եղող աղաւնիների նման են. կաթի մէջ են լողում, ընդելուզուած ակունքի պէս նստած են։ 13  Նորա այտերը բալասանի ածուի պէս են, ծաղկանց բուրաստաններ, շրթունքները հեղուկ զմուռս կաթող շուշաններ են։ 14  Ձեռքերը ոսկի գլաններ են, Թարսիսի քարերով լիքը, նորա որովայնը փղոսկրեայ բանուածք է, շափիւղաներով պատուած։ 15  Նորա սրունքները մարմարեայ սիւներ են, հաստատուած մաքուր ոսկիի խարիսխների վերայ. կերպարանքը՝ Լիբանանի պէս, ընտիր՝ եղեւինների նման։ 16  Նորա քիմքը քաղցրեղէններ է, եւ նա ինքը բոլորովին ցանկալիք է. ահա իմ սիրականը, եւ ահա իմ ընկերը, ով Երուսաղէմի աղջկերք։

Ծանոթագրություններ