Երեմիա 1։1-19

1  Բենիամինի երկրումն՝ Անաթովթի մէջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խօսքերը,  Որ նորան եղաւ Տիրոջ խօսքը Յուդայի թագաւոր՝ Ամոնի որդի Յովսիայի օրերումը՝ նորա թագաւորութեան տասնեւերեքերորդ տարիումը.  Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Յովսիայի որդի Յովակիմի օրերումը մինչեւ Յովսիայի որդիի Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ վերջը մինչեւ Երուսաղէմի գերութիւնը՝ հինգերորդ ամսումը։  Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.  Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ’եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։  Եւ ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ։  Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր, թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։  Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը։  Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի. 10  Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես։ 11  Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Ով Երեմիա, ի՞նչ ես տեսնում. եւ ես ասեցի. Մի նշենի գաւազան եմ տեսնում ես։ 12  Եւ Տէրն ասեց ինձ. Լաւ տեսար. որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խօսքերի համար, որ կատարեմ այն։ 13  Եւ երկրորդ անգամ եղաւ Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. Ի՞նչ ես տեսնում դու. եւ ես ասեցի. Մի եռացող կաթսայ եմ տեսնում ես, եւ նորա երեսը հիւսիսի կողմիցն է։ 14  Եւ Տէրն ինձ ասեց. Հիւսիսից պիտի յարձակուի չարիքը երկրի բոլոր բնակիչների վերայ։ 15  Որովհետեւ ահա ես կ’կանչեմ հիւսիսի բոլոր թագաւորութիւնների ցեղերը, ասում է Տէրը, որ գան եւ ամեն մէկն իր աթոռը դնէ Երուսաղէմի դռան մուտքումը, եւ նորա բոլոր պարիսպների վերայ շուրջանակի եւ Յուդայի բոլոր քաղաքների վերայ։ 16  Եւ ես կ’խօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար. որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում, եւ իրանց ձեռքի գործերին են երկրպագում։ 17  Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին։ 18  Եւ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկաթի սիւն եւ պղնձի պարիսպներ եմ շինում բոլոր երկրի դէմ, Յուդայի թագաւորների եւ նորա իշխանների դէմ, նորա քահանաների եւ երկրի ժողովրդի դէմ։ 19  Եւ նորանք կ’պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ։

Ծանոթագրություններ