Երեմիա 12։1-17

12  Արդար ես դու, ով Տէր, երբոր վիճեմ քեզ հետ. սակայն իրաւացի բաներ եմ խօսում քեզ հետ. ի՞նչու համար յաջող է ամբարիշտների ճանապարհը. հանգիստ են՝ բոլոր նենգութիւն գործողները։  Դու նորանց տնկեցիր, եւ նորանք արմատացան, աճում են եւ պտուղ էլ են բերում. դու մօտ ես նորանց բերանին, բայց հեռու՝ նորանց երիկամունքներից։  Եւ դու, ով Տէր, գիտես ինձ, դու ինձ տեսար եւ քննեցիր իմ սիրտը քեզ մօտ. ջոկիր նորանց մորթուելու ոչխարների պէս, եւ որոշիր* նորանց սպանման օրուայ համար։  Մինչեւ ե՞րբ պիտի սուգ անէ երկիրը, եւ բոլոր դաշտի խոտը չորանայ, նորանում բնակողների չարութեան համար. փչանում են անասունն ու թռչունը, որ նորանք ասում են՝ Նա պիտի չ’տեսնէ մեր վախճանը։  Եթէ դու հետեւակների հետ վազեցիր եւ նորանք քեզ յոգնեցրին, ապա ի՞նչպէս պիտի մրցէիր ձիերի հետ. եւ խաղաղութեան երկրի վերայ դու որ ապահով ես, ապա ի՞նչպէս պիտի անէիր Յորդանանը բարձրանալիս։  Որովհետեւ քո եղբայրներն էլ եւ քո հօր տունն էլ՝ հէնց նորանք էլ նենգութիւն արին քեզ դէմ, հէնց նորանք էլ կանչեցին բարձրաձայն քո ետեւից. դու նորանց մի հաւատար, թէեւ քեզ լաւ բաներ էլ ասեն։  Ես ձգել եմ իմ տունը, բարձի թողի եմ արել իմ ժառանգութիւնը, իմ հոգիի սիրածը տուի իր թշնամիների ձեռքը։  Իմ ժառանգութիւնն ինձ համար եղաւ անտառի առիւծին պէս, նա իր ձայնը արձակեց ինձ վերայ. սորա համար ես ատեցի նորան։  Իմ ժառանգութիւնը մի գոյնզգոյն թռչուն է եղել ինձ համար, թռչունները յարձակուել են նորա վերայ շուրջանակի. եկէք հաւաքուեցէք, ով դաշտի բոլոր գազաններ, բերէք որ ուտեն նորան։ 10  Շատ հովիւներ աւերել են իմ այգին, ոտնակոխ են արել իմ բաժինը. իմ ցանկալի վիճակը ամայի անապատ դարձրին։ 11  Նորան անապատ դարձրին, նա սուգ արաւ իմ առաջին իբրեւ անապատ, աւերակ է դարձել բոլոր երկիրը, որովհետեւ մարդ չ’կայ, որ ուշ դարձնէ։ 12  Անապատումը բոլոր բլուրների վերայ ասպատակներ եկան, որովհետեւ Տիրոջ սուրը ուտում է երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը, խաղաղութիւն չ’կայ ոչ մի մարմնի համար։ 13  Նորանք ցորեն են ցանել, բայց փուշ հնձեցին. աշխատանք են քաշել, օգուտ չ’տեսան. եւ դուք պիտի ամաչէք ձեր արդիւնքներիցը Տիրոջ բարկութեան բորբոքման համար։ 14  Այսպէս է ասում Տէրը իմ չար դրացիների համար, որոնք դպչում են այն ժառանգութեան, որ տուել եմ իմ Իսրայէլ ժողովրդին. Ահա ես նորանց պիտի խլեմ իրանց երկրի երեսիցը, եւ Յուդայի տունը պիտի խլեմ նորանց միջիցը։ 15  Եւ երբոր ես նորանց խլած կ’լինեմ, յետոյ ետ կ’դառնամ եւ կ’ողորմեմ նորանց, եւ ետ կ’դարձնեմ ամեն մէկին իր ժառանգութեանը, եւ ամեն մարդին՝ իր երկիրը։ 16  Եւ եթէ նորանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհները, որ իմ անունովը երդում անեն՝ թէ Կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին Բահաղով երդում անելը, այն ժամանակ պիտի հաստատուին իմ ժողովրդի մէջ։ 17  Բայց եթէ չ’լսեն, պիտի խլեմ այն ժողովուրդը բոլորովին, եւ նա պիտի փչանայ, ասում է Տէրը։

Ծանոթագրություններ

12։3 Եբր՝ սրբիր։