Երեմիա 13։1-27

13  Այսպէս ասեց ինձ Տէրը. Գնա եւ քեզ համար մի քթանի գօտի գնիր եւ նորան մէջքդ կապիր, եւ նորան ջուրը չ’կոխես։  Եւ ես գնեցի գօտին Տիրոջ խօսքի համեմատ եւ մէջքիս կապեցի։  Եւ Տիրոջ խօսքն երկրորդ անգամ եղաւ ինձ ասելով.  Առ քո գնած գօտին որ մէջքիդ է, եւ վեր կաց գնա Եփրատը, եւ թագցրու այնտեղ վէմի ծակումը։  Եւ ես գնացի ու թագցրի նորան Եփրատի մօտ, ինչպէս որ Տէրն ինձ պատուիրել էր։  Եւ եղաւ որ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տէրն ինձ ասեց. Վեր կաց գնա Եփրատը եւ վեր առ այնտեղից այն գօտին, որ ես քեզ հրամայեցի թագցնել այնտեղ։  Եւ ես գնացի Եփրատը եւ քանդեցի եւ վեր առայ գօտին այն տեղից, ուր որ ես նորան թագցրել էի. բայց ահա գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։  Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.  Տէրն այսպէս է ասում. Այսպէս պիտի փչացնեմ Յուդայի հպարտութիւնը եւ Երուսաղէմի մեծ հպարտութիւնը։ 10  Այս չար ժողովուրդը, որ չէ ուզում լսել իմ խօսքերին, որ վարվում են իրանց սրտի կամակորութիւնովը, եւ գնում են ուրիշ աստուածների ետեւից, որ ծառայեն նորանց եւ երկրպագութիւն անեն նորանց, նորանք այս գօտիի պէս պիտի դառնան, որ ոչ մի բանի պիտանի չէ։ 11  Որովհետեւ ինչպէս որ գօտին փակած է մարդիս մէջքին, այնպէս էլ ես փակցրել էի ինձ բոլոր Իսրայէլի տունը, եւ բոլոր Յուդայի տունը, ասում է Տէրը, որ ինձ համար ժողովուրդ լինեն եւ անուն եւ փառք ու պարծանք. բայց նորանք չ’լսեցին։ 12  Եւ ասիր նորանց այս խօսքը. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամեն տիկ պիտի լցուի գինիով. բայց նորանք քեզ ասելու են. Մի՞թէ մենք բնաւ չ’գիտէինք, որ ամեն տիկ գինիով կ’լցուի։ 13  Բայց դու ասիր նորանց. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի արբածութիւնով լցնեմ այս երկրի բոլոր բնակիչներին եւ այն թագաւորներին, որ նստում են Դաւիթի աթոռի վերայ, եւ քահանաներին ու մարգարէներին, եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին։ 14  Եւ պիտի կոտրատեմ մէկզմէկով, եւ հայրերին ու որդիներին միասին, ասում է Տէրը. ոչ պիտի գթամ եւ ոչ խնայեմ, եւ ես չեմ ողորմելու՝ այլ նորանց բնաջինջ եմ անելու։ 15  Լսեցէք եւ ականջ դրէք, մի հպարտանաք. որովհետեւ Տէրն է խօսում։ 16  Փառք տուէք ձեր Տէր Աստուծուն, դեռ չ’խաւարած, եւ դեռ ձեր ոտքերը մթութեան սարերի վերայ չ’գլորած, եւ դուք կ’սպասէք լոյսի, բայց նա նորան մահուան ստուեր կ’շինէ, եւ թանձր մէգ կ’դարձնէ։ 17  Բայց եթէ չ’լսէք սորան, իմ հոգին ծածուկ տեղերում պիտի լաց լինի հպարտութեան համար, եւ պիտի արտասուքով արտասուէ եւ աչքս արտասուք պիտի թափէ. որովհետեւ Տիրոջ հօտը գերի առնուեցաւ։ 18  Ասիր թագաւորին եւ թագուհիին. Խոնարհուեցէք, ցած նստեցէք, որովհետեւ իջել է ձեր գլխից ձեր փառքի թագը։ 19  Հարաւային քաղաքները կղպուեցան եւ բացող չ’կայ, բոլոր Յուդան գերութեան գնաց, ամբողջապէս գերի գնաց։ 20  Բարձրացրէք ձեր աչքերը եւ տեսէք հիւսիսից եկողներին, ո՞ւր է քեզ տրուած հօտը՝ քո փառքի խաշինքները։ 21  Ի՞նչ պիտի ասես երբոր քեզ այցելութիւն անէ. եւ դու ես նորանց սովորեցրել քեզ վերայ գլխաւոր իշխաններ լինելու. մի՞թէ քեզ ցաւեր չեն բռնելու ծննդական կնկայ նման։ 22  Եւ եթէ ասես քո սրտումը. Այս բաներն ի՞նչու համար են ինձ հանդիպել. քո անօրէնութեան շատութիւնիցը բացուեցան քո քղանցքը, բաց եղան քո գարշապարները։ 23  Մի՞թէ Եթէովպացին կ’փոխէ իր մորթը, կամ ինձը՝ իր խայտուցները, որ դուք էլ կարողանայիք բարութիւն անել, որ սովորած էք չարութիւն անելու։ 24  Եւ ես նորանց պիտի ցրիւ տամ ինչպէս մղեղ, որ տարվում է անապատի քամիիցը։ 25  Սա քո վիճակն է՝ քո մասն ու բաժինը իմ կողմից, ասում է Տէրը, որ դու ինձ մոռացար եւ ստութեան ապաւինեցիր։ 26  Ուրեմն ես էլ վեր հանեցի քո քղանցքը քո երեսի վերայ, եւ երեւեցաւ քո անարգանքը։ 27  Եւ ես քո շնութիւնները եւ վրնջիւնները, քո գարշելի պոռնկութիւնը՝ դաշտի բլուրների վերայ տեսել եմ, այսինքն քո պղծութիւնները. վա՜յ քեզ, Երուսաղէմ. դու քեզ չես մաքրում. էլ մինչեւ ե՞րբ։

Ծանոթագրություններ