Երեմիա 16։1-21

16  Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.  Քեզ համար կին մի առնիր, եւ քեզ համար տղերք եւ աղջկերք չ’լինեն այստեղ։  Որովհետեւ Տէրը այսպէս է ասում այստեղ ծնուած տղերանց եւ աղջկերանց մասին, նաեւ նորանց այս երկրում ծնող մայրերի եւ նորանց ծնող հայրերի մասին.  Ծաւալի մահերով պիտի մեռնեն նորանք. նորանց վերայ սուգ չէ լինելու, եւ նորանք չեն թաղուելու, եւ նորանք աղբ պիտի դառնան երկրի երեսին. եւ սրով ու սովով պիտի սպառուին. եւ նորանց դիակները կերակուր պիտի դառնայ երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին։  Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. Սուգի տուն մի մտնիր եւ մի գնար ողբալու, եւ նորանց մի ցաւակցիր. որովհետեւ ես իմ խաղաղութիւնը, ողորմութիւնը եւ գթութիւնը ետ եմ առել այս ժողովրդիցն ասում է Տէրը։  Եւ մեծերն ու պզտիկները մեռնելու են այս երկրում եւ չեն թաղուելու. եւ նորանց համար սուգ չեն անելու, եւ իրանց մարմինները չեն կտրտելու, եւ իրանց մազերը չեն խուզելու։  Եւ հաց չեն կտորելու սուգի համար մեռելի մասին մխիթարուելու պատճառով, եւ նորանց չեն խմեցնելու մխիթարութեան բաժակը, նորա հօր եւ նորա մօր համար։  Եւ խնջոյքի տուն մի մտնիր, նորանց հետ բնակուելու, ուտելու եւ խմելու համար։  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ’դադարեցնեմ այստեղից ձեր աչքի առաջին եւ ձեր օրերումը՝ ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը։ 10  Եւ երբոր դու ասած կ’լինես այս բոլոր խօսքերը այս ժողովրդին, եւ նորանք քեզ կ’ասեն, Ի՞նչու համար է Տէրն ասում մեր մասին այս բոլոր մեծ չարիքը, եւ ի՞նչ է մեր անօրէնութիւնը, եւ ի՞նչ է մեր մեղքը, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստուծոյ դէմ. 11  Եւ դու ասիր նորանց. Նորա համար որ ձեր հայրերն ինձ թողեցին, ասում է Տէրը, եւ գնացին ուրիշ աստուածների ետեւից, եւ ծառայեցին նորանց ու երկրպագեցին նորանց, բայց ինձ թողեցին եւ իմ օրէնքը չ’պահեցին։ 12  Սակայն դուք աւելի չարութիւն գործեցիք քան թէ ձեր հայրերը, եւ ահա ձեզանից ամեն մէկը գնում է իր չար սրտի կամակորութեան ետեւից, որ ինձ չէ լսում։ 13  Ես էլ դէն եմ գցում ձեզ այս երկրի երեսիցը մի այնպիսի երկիր, որ դուք չ’գիտէիք եւ ոչ ձեր հայրերը, եւ այնտեղ պիտի ծառայէք ցերեկ եւ գիշեր ուրիշ աստուածների, որովհետեւ ձեզ ողորմութիւն չեմ անելու։ 14  Սորա համար ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս չի ասուիլ թէ Կենդանի է Տէրը, որ Իսրայէլի որդկանցը վեր հանեց Եգիպտոսի երկրիցը, 15  Այլ թէ Կենդանի է Տէրը, որ հանեց Իսրայէլի որդկանցը հիւսիսի երկրիցը, եւ այն բոլոր երկիրներիցը, ուր որ նորանց աքսորել էր. եւ ես պիտի ետ դարձնեմ նորանց դէպի իրանց երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին։ 16  Ահա ես շատ ձկնորսներ եմ ուղարկելու, ասում է Տէրը, եւ նորանք պիտի որսան նորանց. եւ նորանից յետոյ շատ որսորդներ եմ ուղարկելու, եւ նորանք պիտի բռնեն նորանց ամեն սարի վերայից, եւ ամեն բլրի վերայից եւ վէմերի ծակերից։ 17  Որովհետեւ իմ աչքերը նորանց բոլոր ճանապարհների վերայ է. նորանք ծածուկ չեն իմ երեսի առաջին, եւ գաղտնի չէ նորանց անօրէնութիւնը իմ աչքերի առաջին։ 18  Եւ ես առաջ պիտի նորանց կրկնապատիկ հատուցանեմ նորանց անօրէնութեան եւ նորանց մեղքի փոխարէն. որովհետեւ նորանք պղծեցին իմ երկիրը, իրանց գարշութիւնների եւ պղծութիւնների դիերովը լցրին իմ ժառանգութիւնը։ 19  Ով Տէր, իմ զօրութիւնն ու իմ բերդը, եւ իմ ապաստանարանը նեղ օրումը. ազգերը երկրի ծայրերից քեզ մօտ են գալու եւ ասեն. Միմիայն ստութիւն ժառանգեցին մեր հայրերը՝ ունայնութիւն, եւ այնպէս բաներ որոնց մէջ օգուտ չ’կայ։ 20  Մի՞թէ մարդս իրան համար աստուածներ շինէ, քանի որ նորանք աստուածներ չեն։ 21  Սորա համար ահա ես նորանց պիտի իմացնեմ այս անգամ, պիտի իմացնեմ նորանց իմ ձեռքը եւ իմ ոյժը. եւ պիտի գիտենան, որ իմ անունը Եհովայ է։

Ծանոթագրություններ