Երեմիա 17։1-27

17  Յուդայի մեղքը գրուած է երկաթի գրիչով ադամանդեայ ծայրով, փորագրուած է նորանց սրտի տախտակի վերայ, եւ ձեր սեղանների եղջիւրների վերայ։  Նորանք յիշում են իրանց որդկանց յիշուելուն պէս իրանց սեղաններին, եւ իրանց աստարովթներին կանաչ ծառերի մօտ բարձր բլուրների վերան։  Ով իմ դաշտի միջի սար, քո հարստութիւնը՝ քո բոլոր գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ, քո բարձրաւանդակները՝ մեղքի համար քո բոլոր սահմաններում։  Եւ պիտի զրկուիս հէնց քեզանով քո ժառանգութիւնիցը որ քեզ տուի, եւ քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին՝ մի այնպիսի երկրում որ դու չ’գիտէիր, որովհետեւ կրակ էք տուել իմ բարկութեանը, մինչեւ յաւիտեան պիտի վառուի։  Այսպէս է ասում Տէրը. Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։  Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ’տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը։  Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։  Նա նման կ’լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. նա իր արմատները կ’ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. այլ նորա տերեւները կանաչ կ’լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալ եւ չի դադարիլ պտուղ տալուց։  Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ։ 10  Ես Տէրս քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտուղին համեմատ։ 11  Անիրաւութեամբ հարստութիւն շինողը իր չ’ածածովը թխսող կաքաւի պէս է. նա իր օրերի կէսին պիտի թողէ նորան, եւ իր վերջումը յիմար կ’լինի։ 12  Փառքի աթոռ, բարձր սկզբից, մեր սրբարանի տեղը, 13  Իսրայէլի յոյսը, ով Տէր, բոլոր քեզ թողողները պիտի ամաչեն. ինձանից հեռացողները տափումն են գրուելու. որովհետեւ թողեցին կենաց ջրի աղբիւրը՝ Տիրոջը։ 14  Ինձ բժշկիր, ով Տէր, եւ ես կը բժշկուիմ. փրկիր ինձ, եւ ես կ’փրկուիմ. որովհետեւ իմ պարծանքը դու ես։ 15  Ահա նորանք ինձ ասում են, Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող մէկ գայ։ 16  Բայց ես ետ չ’քաշուեցայ քո ետեւից հովիւ լինելուց, եւ ձախորդ օրուայ չեմ բաղձացել, դու գիտես. իմ շրթունքներից դուրս եկածը քո դիմաց առաջին էր։ 17  Ինձ համար արհաւիրք մի լինիր. Իմ ապաւէնը դու ես չար օրը։ 18  Թող ամաչեն ինձ հալածողները, իսկ ես պիտի չ’ամաչեմ. թող նորանք զարհուրեն, իսկ ես պիտի չը զարհուրեմ. նորանց վերայ չար օր բեր, եւ երկպատիկ կոտորածով կոտորիր նորանց։ 19  Տէրն այսպէս է ասում ինձ. Գնա եւ կանգնիր ժողովրդի որդկանց դռանը, որով Յուդայի թագաւորները մտնում են եւ դուրս են գալիս. եւ Երուսաղէմի բոլոր դռներումը։ 20  Եւ ասիր նորանց. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ եւ ով բոլոր Յուդա եւ ով Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ գալիս էք այս դռները։ 21  Այսպէս է ասում Տէրը. Զգուշացէք ձեր անձերի համար, եւ բեռ մի վեր առնէք շաբաթ օրը ու մի բերէք Երուսաղէմի դռներիցը ներս։ 22  Եւ ձեր տներիցը բեռ մի դուրս բերէք շաբաթ օրը, եւ ոչ մի գործ մի անէք. իսկ սրբեցէք շաբաթ օրը, ինչպէս որ պատուիրել եմ ձեր հայրերին։ 23  Բայց նորանք չը լսեցին եւ իրանց ականջը չ’ծռեցին. այլ խստացրին իրանց պարանոցը, որ չ’լսեն եւ որ խրատ չ’առնեն։ 24  Եւ եթէ ուշադրութեամբ ականջ դնէք ինձ, ասում է Տէրը, որ այս քաղաքի դռներիցը ներս բեռ չ’բերէք շաբաթ օրը, եւ որ շաբաթ օրը սրբէք, որ նորանում ոչ մի գործ չ’անէք. 25  Այն ժամանակ այս քաղաքի դռներովը կ’մտնեն թագաւորներ եւ իշխաններ, որ կ’նստեն Դաւիթի աթոռի վերայ՝ հեծած կառքերի եւ ձիերի, թէ իրանք եւ թէ իրանց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այս քաղաքը կ’բնակուի յաւիտեան։ 26  Եւ կ’գան Յուդայի քաղաքներից եւ Երուսաղէմի շրջակայքից եւ Բենիամինի երկրիցը, եւ դաշտիցն ու սարիցը, եւ հարաւիցը, եւ կ’բերեն ողջակէզ եւ զոհ եւ հացի ընծայ եւ կնդրուկ, եւ գոհութեան ընծաներ կ’բերեն Տիրոջ տունը։ 27  Բայց եթէ ինձ չ’լսէք, որ շաբաթ օրը պահէք, որ բեռ վեր չ’առնէք ու բերէք Երուսաղէմի դռներիցը ներս շաբաթ օրը, այն ժամանակ ես էլ կրակ կ’վառեմ նորա դռներումը, եւ նա կ’ուտէ Երուսաղէմի պալատները եւ չի հանգչուիլ։

Ծանոթագրություններ