Երեմիա 19։1-15

19  Այսպէս ասեց Տէրը. Գնա մի բրուտի հողի կուժ առ, եւ ժողովրդի ծերերիցն ու քահանաների ծերերիցն էլ.  Եւ դուրս եկ Ենովմի որդիի ձորը, որ Հարսութի դռան մուտքի մօտին է, եւ կանչիր այնտեղ այն խօսքերը, որ կ’ասեմ քեզ։  Եւ ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Յուդայի թագաւորներ, եւ ով Երուսաղէմի բնակիչներ. այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես չարիք եմ բերելու այս տեղի վերայ, որ ամեն լսողի ականջները ծվվան։  Նորա համար որ ինձ թողեցին եւ օտարացրին այս տեղը, եւ նորանում խունկ ծխեցին ուրիշ աստուածների, որոնց չէին ճանաչում իրանք ու իրանց հայրերն ու Յուդայի թագաւորները, եւ այս տեղն անմեղների արիւնով լցրին։  Եւ շինեցին Բահաղի բարձրաւանդակները, որ իրանց որդկանցը կրակով այրեն, իբրեւ ողջակէզներ Բահաղի համար, որ ես չեմ պատուիրել, եւ չեմ ասել, եւ միտքս էլ չէ եկել։  Վասն որոյ ահա օրեր կ’գան, ասում է Տէրը, որ այլ եւս այստեղին Տօփէթ եւ Ենովմի որդիի ձոր չի ասուիլ, այլ սպանութեան ձոր։  Եւ ես պիտի խափանեմ այս տեղումը Յուդայի եւ Երուսաղէմի խորհուրդը, եւ նորանց պիտի սրով կործանեմ իրանց թշնամիների առաջին, եւ նորանց հոգիները պահանջողների ձեռքովը, եւ նորանց դիակները պիտի տամ իբրեւ կերակուր երկնքի թռչուններին եւ երկնքի գազաններին։  Եւ այս քաղաքը կ’շինեմ աւերակ եւ նախատինք. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ եւ պիտի սուլէ նորա բոլոր հարուածների մասին։  Եւ նորանց պիտի ուտեցնեմ իրանց որդկանց միսը եւ իրանց աղջկերանց միսը, եւ ամեն մարդ իր ընկերի միսն է ուտելու այն պաշարմունքի եւ նեղութեան մէջ, որով պիտի նեղեն նորանց իրանց թշնամիքը եւ նորանց հոգին պահանջողները։ 10  Եւ կոտրիր այն կուժը քեզ հետ գնացող մարդկանց աչքի առաջին։ 11  Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Սորա պէս պիտի կոտրեմ այս ժողովուրդը եւ այս քաղաքը, ինչպէս որ մի մարդ կոտրում է բրուտի ամանը, որ այլ եւս չի նորոգուիլ. եւ Տօփէթումը պիտի թաղուին, թաղելու տեղ չ’լինելու համար։ 12  Այսպէս պիտի անեմ այս տեղին, ասում է Տէրը, եւ նորա բնակիչներին, եւ այս քաղաքը Տօփէթի պէս պիտի անեմ։ 13  Եւ Երուսաղէմի տները, եւ Յուդայի թագաւորների տները Տօփէթի տեղին պէս պիղծ կ’լինեն, այն բոլոր տների մասին, որոնց կտրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զօրքերի համար եւ թափելու նուէրներ են թափել օտար աստուածների։ 14  Եւ Երեմիան եկաւ Տօփէթից, ուր որ Տէրը ուղարկել էր նորան մարգարէութիւն անելու, եւ կանգնեց Տիրոջ տան գաւիթումը եւ ասեց բոլոր ժողովրդին. 15  Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այս քաղաքի վերայ եւ նորա բոլոր քաղաքների վերայ պիտի բերեմ այն ամեն չարիքը, որ ասել եմ նորա մասին. որովհետեւ նորանք խստացրել են իրանց պարանոցը, որ իմ խօսքերը չ’լսեն։

Ծանոթագրություններ