Երեմիա 20։1-18

20  Եւ Եմմերի որդի Փասուր քահանան, որ իշխանաւոր վերակացու էր Տիրոջ տանը, լսեց Երեմիային որ մարգարէանում էր այս խօսքերը։  Եւ Փասուրը զարկեց Երեմիա մարգարէին եւ դրաւ նորան կոճղում որ Բենիամինի վերի դռանն էր Տիրոջ տանը։  Եւ հետեւեալ օրն եղաւ որ Փասուրը Երեմիային կոճղից հանեց. եւ Երեմիան ասեց նորան. Տէրը քո անունը ոչ թէ Փասուր է կոչելու, այլ Մագոր–միսսաբիբ*։  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. ահա ես քեզ արհաւիրք պիտի շինեմ քեզ համար եւ քո բոլոր բարեկամների համար. եւ նորանք պիտի ընկնեն իրանց թշնամիների սրովը, եւ քո աչքերը պիտի տեսնեն, եւ բոլոր Յուդան պիտի մատնեմ Բաբելոնի թագաւորի ձեռքը, եւ նա նորանց գերի պիտի տանէ Բաբիլոն, եւ նորանց պիտի զարկէ սրով։  Եւ այս քաղաքի ամեն մթերքը եւ նորա բոլոր վաստակը եւ նորա բոլոր պատուական բաները, եւ Յուդայի թագաւորների բոլոր գանձերը պիտի տամ իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք պիտի կողոպտեն նորանց, եւ նորանց առնեն ու տանեն Բաբիլոն։  Իսկ դու, ով Փասուր, եւ քո տան բոլոր բնակիչները, գերի պիտի գնաք. եւ Բաբիլոն պիտի գնաս եւ այնտեղ մեռնես եւ այնտեղ թաղուիս դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց դու սուտ մարգարէութիւն էիր անում։  Դու ինձ համոզեցիր, ով Տէր, եւ ես համոզուեցայ, դու ինձանից զօրաւոր եղար եւ յաղթեցիր. ես ծաղր եմ դառել ամեն օր, ամենքը ծիծաղում են իմ վերայ։  Որովհետեւ քանի անգամ որ խօսեմ՝ պիտի աղաղակեմ, պիտի բողոքեմ բռնութի՜ւն եւ զրկա՜նք. որովհետեւ Տիրոջ խօսքն ինձ համար ամեն օր նախատինք ու անարգանք է դառել։  Եւ ես ասեցի. Նորան չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլ եւս նորա անունովը. այն ժամանակ սրտիս մէջ վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ’կարողացայ։ 10  Որովհետեւ ես շատերի պարսաւանքը լսեցի. վախ է շուրջանակի։ Ամբաստանեցէք եւ մենք էլ ենք ամբաստանելու նորա մասին, ասում են նորանք. իմ բոլոր բարեկամները նայում են իմ սահելուն. Գուցէ կ’խաբուի, այն ժամանակ մենք նորան կ’յաղթենք, եւ մեր վրէժը կ’առնենք նորանից։ 11  Բայց Տէրը ինձ հետ է զօրաւոր ախոյեանի պէս, դորա համար իմ հալածողները պիտի գլորուին եւ պիտի չ’յաղթեն, նորանք որովհետեւ խելք չ’ունին, պէտք է շատ ամաչեն, մի յաւիտենական անարգանքով, որ պիտի չ’մոռացուի։ 12  Բայց ով Զօրաց Տէր, որ դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը եւ սիրտը, թող տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նորանցից, որովհետեւ իմ դատը քեզ յայտնել եմ։ 13  Երգեցէք Տիրոջը, օրհնեցէք Տիրոջը, որ նա փրկեց աղքատի հոգին չարագործների ձեռքիցը։ 14  Անիծեալ լինի իմ ծնուած օրը, այն օրը, որ իմ մայրը ծնեց ինձ, օրհնեալ չ’լինի։ 15  Անիծեալ լինի այն մարդը, որ աւետիք տուաւ իմ հօրն ասելով. Քեզ մի արու զաւակ է ծնուել, որ նորան ուրախութիւնով ուրախացրեց։ 16  Եւ այն մարդը այն քաղաքների նման լինի, որոնց կործանեց Տէրը եւ չ’խնայեց, եւ նա աղաղակ լսէ առաւօտը, եւ գոռում՝ կէս օրուայ ժամանակին։ 17  Որ ինձ չ’մեռցրեց արգանդիցը, որ ինձ համար իմ գերեզմանը իմ մայրը լինէր, եւ նորա արգանդը յղի մնար յաւիտեան։ 18  Ի՞նչու համար ես դուրս եկայ արգանդից, որ աշխատութիւն եւ ցաւ տեսնեմ, եւ իմ օրերը վերջանան ամօթով։

Ծանոթագրություններ

20։3 Այսինքն՝Վախ շուրջանակի։