Երեմիա 21։1-14

21  Այն խօսքը որ եղաւ Տիրոջ կողմանէ Երեմիային, երբոր Սեդեկիա թագաւորը նորա մօտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ասելով.  Մէկ հարցրու մեզ համար Տիրոջը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատերազմում է մեզ դէմ. գուցէ Տէրը մեզ հետ անէ իր ամեն սքանչելիքների համեմատ. եւ նա դէն գնայ մեզանից։  Եւ Երեմիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք Սեդեկիային։  Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։  Եւ ես պիտի պատերազմեմ ձեզ հետ երկարացրած ձեռքով եւ զօրաւոր բազուկով եւ բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ մեծ ցասումով։  Եւ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին, մարդն էլ անասունն էլ. մեծ ժանտախտով պիտի մեռնեն նորանք։  Եւ նորանից յետոյ պիտի տամ՝ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա ծառաներին եւ ժողովուրդին ու այս քաղաքի մէջ ժանտախտիցը, սուրիցը եւ սովիցը մնացածներին Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ իրանց թշնամիների ձեռքը եւ իրանց հոգիները պահանջողների ձեռքը եւ նա պիտի զարկէ նորանց սրի բերանով. նորանց պիտի չ’խնայէ, եւ չ’գթայ եւ չ’ողորմէ։  Եւ դու այս ժողովրդին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահուան ճանապարհը։  Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. բայց դուրս եկող՝ քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի, եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի։ 10  Որովհետեւ ես իմ երեսը հաստատել եմ դէպի այս քաղաքը չարիքի համար եւ ոչ թէ բարիքի համար, ասում է Տէրը. նա պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի, եւ նա էլ պիտի կրակով այրէ նորան։ 11  Եւ Յուդայի թագաւորի տանն ասիր. 12  Լսեցէք Տիրոջ խօսքը. Ով Դաւիթի տուն. այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չ’գայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չ’լինի։ 13  Ահա ես ձեզ դէմ եմ, ով հովտի՝ դաշտի՝ վէմի բնակիչ, ասում է Տէրը, որ ասում էիք, ո՞վ է վայր իջնելու մեզ վերայ, եւ ո՞վ է գալու մեր բնակարանները։ 14  Բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղին համեմատ, ասում է Տէրը, եւ կրակ պիտի վառեմ նորա անտառումը, որ սպառէ նորա բոլոր շրջակայքը։

Ծանոթագրություններ