Երեմիա 25։1-38

25  Այն խօսքը որ եղաւ Երեմիային բոլոր Յուդայի մասին Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի առաջին տարին էր,  Որ ասեց Երեմիա մարգարէն բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին ասելով.  Յուդայի թագաւոր Ամմոնի որդի Յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը ահա քսանեւերեք տարի է, որ Տիրոջ խօսքը լինում է ինձ, եւ ես խօսում եմ ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք չ’լսեցիք.  Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ’լսեցիք, եւ ձեր ականջը լսելու չ’տուիք,  Որոնք ասում էին. Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, եւ դուք կ’բնակուէք այն երկրումը, որ Տէրը տուաւ ձեզ եւ ձեր հայրերին՝ յաւիտենից մինչեւ յաւիտեանս։  Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։  Բայց դուք ինձ չ’լսեցիք, ասում է Տէրը, որ ինձ բարկացնէիք ձեր ձեռքի գործովը, ձեզ համար ’ի վնաս։  Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը, Որովհետեւ դուք չ’լսեցիք իմ խօսքերը,  Ահա ես կ’ուղարկեմ եւ կ’առնեմ հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կ’դնեմ, եւ ես նորանց կ’բերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կ’անեմ եւ նորանց կ’շինեմ հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ։ 10  Եւ կ’կորցնեմ նորանց միջից ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը։ 11  Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կ’դառնայ, եւ այս ազգերը պէտք է Բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի։ 12  Եւ երբոր եօթանասուն տարին վերջացած կ’լինի, ես կ’այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւայն ազգերին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ նորան յաւիտենական աւերակներ կ’շինեմ։ 13  Եւ կ’բերեմ այն երկրի վերայ այն իմ բոլոր խօսքերը, որ ասել եմ նորա մասին, այս գրքի մէջ բոլոր գրուածը, որ մարգարէացել է Երեմիա մարգարէն բոլոր ազգերի մասին։ 14  Որովհետեւ նորանց էլ պիտի ծառայեցնեն շատ ազեր եւ մեծ թագաւորներ, եւ ես պիտի հատուցանեմ նորանց իրանց արարքի համեմատ եւ իրանց ձեռքի գործերին համեմատ։ 15  Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։ 16  Որ խմեն եւ շշկլուեն ու յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում մ նորանց մէջը։ 17  Եւ ես առայ բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի բոլոր ազգերին, որոնց մօտ Տէրն ուղարկեց ինձ. 18  Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, եւ նորա թագաւորներին ու նորա իշխաններին, որ նորանց անապատ, ամայութիւն, նախատինք ու անէծք անէ, ինչպէս որ այսօր է. 19  Եգիպտոսի Փարաւօն թագաւորին, եւ նորա ծառաներին, եւ նորա իշխաններին ու նորա բոլոր ժողովրդին։ 20  Եւ բոլոր խառնիճաղանճ ժողովրդին, եւ Հուս երկրի բոլոր թագաւորներին, եւ Փղշտացիների երկրի բոլոր թագաւորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին եւ Ազովտոսի մնացածներին. 21  Եդովմին, Մովաբին եւ Ամմոնի որդկանցը, 22  Եւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, եւ Սիդոնի բոլոր թագաւորներին, եւ ծովեզրեայ թագաւորներին, որ ծովի այն կողմին են, 23  Դեդանին եւ Թեմային, եւ Բուզին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, 24  Եւ արաբացիների բոլոր թագաւորներին, եւ խառնիճաղանճ ժողովուրդների բոլոր թագաւորներին, որ բնակվում են անապատումը։ 25  Եւ Զամբրիի բոլոր թագաւորներին, եւ Եղամի բոլոր թագաւորներին, եւ Մարաց բոլոր թագաւորներին. 26  Եւ հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորներին, որ երկրի երեսին են, եւ նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։ 27  Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Խմեցէք, ու արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այս սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։ 28  Եւ եթէ լինի, որ չ’ուզեն բաժակն առնել քո ձեռքից խմելու համար, այն ժամանակ դու նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Անպատճառ պիտի խմէք։ 29  Որովհետեւ այն քաղաքի վերայ, որի վերայ կոչուած է իմ անունը, ես սկսել եմ չարիք բերելու, մի՞թէ դուք անպատիժ կ’մնաք. անպատիժ չէք մնալ. որովհետեւ ես սուրի պիտի կանչեմ երկրիս բոլոր բնակիչների վերայ, ասում է Զօրաց Տէրը։ 30  Եւ դու մարգարէացիր նորանց մասին այս բոլոր խօսքերը եւ նորանց ասիր. Տէրը բարձրիցը որոտալու է, եւ իր սուրբ բնակութիւնիցը տալու է իր ձայնը. նա իր բնակարանի վերայ որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պէս պիտի կանչէ երկրի բոլոր բնակիչների վերայ։ 31  Աղաղակը հասնելու է մինչեւ երկրի ծայրը, որովհետեւ Տէր վէճ ունի ազգերի հետ, նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնելու, ասում է Տէրը։ 32  Այսպէս է ասում Զօրաց ՏԷրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։ 33  Եւ Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կ’լինեն. նորանց համար սուգ պիտի չ’լինի, եւ նորանք պիտի չ’ժողովուին եւ չ’թաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։ 34  Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։ 35  Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։ 36  Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալ լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։ 37  Եւ ամայացել են խաղաղութեան բնակարանները, Տիրոջ սաստիկ բարկութեան երեսիցը։ 38  Նա թողեց իբրեւ մի առոյգ առիւծ իր բնակարանը, որովհետեւ նորանց երկիրը ամայի է դարձել աւերիչի բարկութեան երեսիցը, եւ նորա սաստիկ բարկութեան երեսիցը։

Ծանոթագրություններ