Երեմիա 28։1-17

28  Եւ եղաւ այն տարին Յուդայի թագաւոր Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը, չորրորդ տարուայ հինգերորդ ամսումն Ազուրի որդի Անանիա մարգարէն, որ Գաբաւոնիցն է, Տիրոջ տանը քահանաների եւ բոլոր ժողովրդի աչքի առաջին ասեց ինձ.  Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը թէ Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը.  Մինչեւ երկու տարի ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն։  Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը։  Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին քահանաների առաջին եւ բոլոր ժողովրդի առաջին որ կանգնած էին Տիրոջ տանը,  Եւ Երեմիա մարգարէն ասեց Ամէն. այդպէս անէ Տէրը, Տէրը հաստատէ քո խօսքերը, որ մարգարէացար Տիրոջ տան անօթները եւ բոլոր գերիներին Բաբիլոնից այստեղը ետ դարձնելու համար  Բայց մէկ լսիր այս խօսքը, որ ես եմ խօսում քո ականջների եւ բոլոր ժողովրդի ականջների առաջին.  Այն մարգարէները, որոնք վաղուց կային ինձանից եւ քեզանից առաջ, մարգարէանում էին շատ երկիրների եւ մեծ թագաւորութիւնների դէմ պատերազմ եւ չարիք, եւ ժանտախտ։  Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան։ 10  Եւ Անանիա մարգարէն վեր առաւ լուծը Երեմիա մարգարէի պարանոցիցը եւ կոտրեց նորան։ 11  Եւ Անանիան ասեց բոլոր ժողովրդի աչքի առաջին թէ Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը բոլոր ազգերի պարանոցի վերայից. եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը։ 12  Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային, Անանիա մարգարէն լուծը Երեմիա մարգարէի պարանողի վերայից կոտրելուց յետոյ ասելով. 13  Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։ 14  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ես երկաթի լուծ եմ դնում այս բոլոր ազգերի պարանոցին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորին ծառայելու համար, եւ նորանք պիտի ծառայեն նորան, եւ դաշտի գազաններն էլ եմ տուել նորան։ 15  Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու սուտի յուսացրիր այս ժողովրդին։ 16  Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. այս տարի պիտի մեռնես, որ ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ։ 17  Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին՝ եօթներորդ ամսումը։

Ծանոթագրություններ