Երեմիա 29։1-32

29  Եւ սորանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մնացած ծերերին եւ քահանաներին եւ մարգարէներին եւ բոլոր ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղէմից գերի էր տարել Բաբիլոն։  Յեքոնիա թագաւորը եւ թագուհին եւ պալատականները եւ Յուդայի ու Երուսաղէմի իշխանները եւ հիւսներն ու դարբինները Երուսաղէմից դուրս գալուց յետոյ։  Սափանի որդի Եղեասայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռովը, որոնց Յուդայի թագաւոր Սեդեկիան Բաբիլոն ուղարկեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ, ասելով.  Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը բոլոր գերիներիդ, որոնց ես գերի տանել տուի Երուսաղէմից Բաբիլոն.  Տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը.  Կանայք առէք եւ տղերք ու աղջկերք ծնեցէք, եւ ձեր տղերանց համար կանայք առէք, եւ ձեր աղջկերքը մարդի տուէք, որ նորանք տղերք եւ աղջկերք ծնեն, եւ շատացէք այդտեղ, եւ մի քիչանաք։  Եւ այն քաղաքի խաղաղութիւնն ուզեցէք, ուր որ ես ձեզ գերի եմ տանել տուել եւ աղօթք արէք նորա համար Տիրոջը, որ նորա խաղաղութիւնովը ձեզ խաղաղութիւն կ’լինի։  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չ’խաբեն ձեր մարգարէները, որ ձեր միջումն են եւ ձեր հմայողները, եւ մի լսէք ձեր երազատեսներին, որոնց երազել էք տալիս ձեզ համար։  Որովհետեւ նորանք սուտ են մարգարէանում ձեզ համար իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը։ 10  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Որովհետեւ հէնց որ լրացաւ եօթանասուն տարին Բաբիլոնի համար, ես ձեզ պիտի այցելեմ եւ հաստատեմ ձեզ համար իմ բարի խօսքը, որ ձեզ ետ բերեմ այս տեղը։ 11  Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը։ 12  Եւ դուք կ’կանչէք ինձ, եւ կ’գնաք ու աղօթք կ’անէք դէպի ինձ, եւ ես կ’լսեմ ձեզ. 13  Եւ դուք ինձ կ’որոնէք եւ կ’գտնէք, որովհետեւ ինձ կ’խնդրէք ձեր բոլոր սրտովը. 14  Եւ ես կ’գտնուիմ ձեզ համար, ասում է Տէրը, եւ ետ կ’դարձնեմ ձեր գերութիւնը եւ կ’ժողովեմ ձեզ ամեն ազգերից եւ ամեն տեղերից, ուր որ ձեզ աքսորել եմ, ասում է Տէրը, եւ ես ձեզ ետ կ’դարձնեմ այն տեղը, որտեղից որ ես ձեզ գերի տանել տուի։ 15  Որովհետեւ դուք ասել էք թէ Տէրը մեզ համար մարգարէներ է յարուցրել Բաբիլոնում։ 16  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը այն թագաւորին, որ նստում է Դաւիթի աթոռի վերայ եւ այն ամեն ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքումը, ձեր եղբայրներին, որ ձեզ հետ չեն գնացել գերութիւնը։ 17  Այսպէս է ասում Զօրաց Տէրը, Ահա ես ուղարկում եմ նորանց մէջ սուրը, սովը եւ ժանտախտը, եւ նորանց ժանտ թուզերի պէս անեմ, որ գէշութիւնից չի ուտուիլ։ 18  Եւ նորանց պիտի հալածեմ սրով, սովով եւ ժանտախտով, եւ նորանց չարչարանքի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին՝ անէծքի ու զարմանքի եւ սուլելու ու նախատինքի համար ամեն ազգերի մէջ, ուր որ ես նորանց աքսորել եմ։ 19  Որովհետեւ նորանք չ’լսեցին իմ խօսքերին, ասում է Տէրը, որ ես նորանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չ’լսեցիք, ասում է Տէրը։ 20  Իսկ դուք լսեցէք Տիրոջ խօսքը, ով բոլոր գերիներ, որոնց ես ուղարկել եմ Երուսաղէմիցը Բաբիլոն։ 21  Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը Կովղիայի որդի Աքաաբի եւ Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որ ձեզ սուտ մարգարէությիւն են անում իմ անունովը. Ահա ես պիտի մատնեմ նորանց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, եւ նա նորանց պիտի սպանէ ձեր աչքի առաջին։ 22  Եւ նորանցից անէծք պիտի առնուի Յուդայի բոլոր գերիների համար, որ Բաբիլոումն են, ասելով թէ Տէրը քեզ Սեդեկիայի եւ Աքաաբի պէս անէ, որոնց Բաբիլոնի թագաւորը խորովեց կրակով։ 23  Որովհետեւ անզգամութիւն արին Իսրայէլի մէջ եւ շնութիւն արին իրանց ընկերների կանանցը հետ, եւ իմ անունովը սուտ խօսք խօսեցին, որ ես իրանց չէի պատուիրել, բայց ես գիտեմ եւ վկայ եմ, ասում է Տէրը։ 24  Եւ Նեհելամացի Սեմայիայի հետ խօսիր ասելով. 25  Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Որովհետեւ դու քո անունովը թուղթեր ես ուղարկել բոլոր ժողովրդին, որ Երուսաղէմումն է եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային եւ քահանաներին ասելով. 26  Տէրը քեզ քահանայ է դրել Յովիադա քահանայի տեղ, որ վերակացուներ լինէք Տիրոջ տանը ամեն խելացնորող ու մարգարէացող մարդի դէմ, որ նորան դնես կոճղում եւ վզի շղթայում. 27  Եւ հիմա ի՞նչու չ’յանդիմանեցիր Անաթովթացի Երեմիային, որ մարգարէանում է ձեզ համար, 28  Որովհետեւ նա սորա համար թուղթէ ուղարկել մեզ մօտ Բաբիլոն, ասելով, թէ Երկարատեւ է լինելու. տներ շինեցէք եւ բնակուեցէք, եւ այգիներ տնկեցէք եւ կերէք նորանց պտուղը։ 29  Եւ Սոփոնիա քահանան կարդաց այս թուղթը Երեմիա մարգարէի ականջների առաջին։ 30  Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային ասելով. 31  Լուր ուղարկիր բոլոր երկիրներին ասելով. Այսպէս է ասում Տէրը Նեհելամացի Սեմայիայի մասին, որովհետեւ Սեմայիան ձեզ համար մարգարէացաւ, քանի որ ես նորան չէի ուղարկել եւ ձեզ սուտի յուսացրեց, 32  Դորա համար Տէրը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Նեհելամացի Սեմայիային եւ նորա սերունդին. նորա համար մարդ պիտի չ’լինի այս ժողովրդի մէջ բնակող, եւ նա պիտի չ’տեսնէ այն բարիքը, որ ես անելու եմ իմ ժողովրդին, ասում է Տէրը, որովհետեւ Տիրոջ դէմ ապստամբութիւն է խօսել։

Ծանոթագրություններ