Երեմիա 3։1-25

3  Կ’ասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կ’դառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։  Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։  Եւ անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չ’եղաւ, բայց դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. մէկ կողմ ես դրել ամաչելը։  Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես իմ երիտասարդութեան մտերիմը։  Մի թէ յաւիտեան պիտի բարկանայ ու բարկութիւնը միշտ պահէ. ահա քո խօսածը, եւ չարութիւնը անում ես եւ կարողանում։  Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։  Եւ ես ասում էի՝ Այս ամենը անելուց յետոյ ետ կ’դառնայ դէպի ինձ, բայց նա ետ չ’դարձաւ. եւ նորա խաբեբայ քոյր Յուդան էլ տեսաւ։  Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ’վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։  Եւ եղաւ որ նորա շնութեան լրբութիւնովը երկիրը պղծուեցաւ, եւ նա պղծութիւն գործեց քարի հետ եւ փայտի հետ։ 10  Բայց այսու ամենայնիւ էլ նորա խաբեբայ քոյր Յուդան դէպի ինձ չ’դարձաւ բոլոր սրտովը. այլ ստութիւնով, ասում է Տէրը։ 11  Եւ Տէրն ինձ ասեց՝ Ապստամբ Իսրայէլն արդարացնում է իր անձը խաբեբայ Յուդայից աւելի։ 12  Գնա եւ կանչիր այս խօսքերը դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։ 13  Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չ’լսեցիք, ասում է Տէրը։ 14  Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։ 15  Եւ ձեզ հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ գիտութիւնով եւ իմաստութիւնով։ 16  Եւ երբոր դուք շատացած եւ աճած կ’լինիք այն երկրումն այն օրերը, ասում է Տէրը, այլ եւս չեն ասիլ՝ Տիրոջ ուխտի տապանակը, եւ նա միտք չի ընկնիլ, եւ նորան չեն յիշիլ ու չեն ուզիլ. եւ այլ եւս չեն շինիլ։ 17  Այն ժամանակ Երուսաղէմը կ’կոչեն՝ Տիրոջ աթոռ, եւ նորա վերայ պիտի ժողովուին բոլոր ազգերը Տիրոջ անունի համար Երուսաղէմումը. եւ այլ եւս չեն գնալ իրանց չար սրտի կամակորութեան ետեւից։ 18  Այն օրերը պիտի գնան Յուդայի տունը Իսրայէլի տան հետ, եւ միասին պիտի գան հիւսիսային երկրից այն երկիրը, որ ես ժառանգեցրի նորանց հայրերին։ 19  Բայց ես ասում էի. Քեզ ի՜նչպէս կը դնէի որդկանց հետ, եւ կտայի քեզ ցանկալի երկիրը՝ ազգերի զարդարանքների զարդի ժառանգութիւնը. եւ ասում էի. դու «Իմ հայրս» կը կանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ։ 20  Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կ’լինի իր մարդին, դուք նոյնպէս անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։ 21  Մի ձայն է լսվում բլուրների վերայ՝ Իսրայէլի որդկանց ողորմելի լացը. որ նորանք ծռել են իրանց ճանապարհը, մոռացել իրանց Տէր Աստուծուն։ 22  Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. ես կ’բժշկեմ ձեր ապստամբութիւնները։ Ահա մենք գալիս ենք դէպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տէր։ 23  Յիրաւի սուտ էր բլուրներից՝ սարերի շատութիւնից բան յուսալը. որովհետեւ Տէր Աստուածանից է Իսրայէլի փրկութիւնը։ 24  Եւ ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները, նորանց տղերանց եւ նորանց աղջկերանցը։ 25  Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. եւ չ’լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։

Ծանոթագրություններ