Երեմիա 39։1-18

39  Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։  Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։  Եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։  Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։  Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։  Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։  Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։  Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։  Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։ 10  Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չ’ունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։ 11  Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով. 12  Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չ’անես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։ 13  Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին, 14  Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդի Աքիկամի որդիի Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։ 15  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով. 16  Գնա ասիր Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ ’ի չարն, եւ ոչ թէ ’ի բարին, եւ կ’կատարուին քո առաջին այն օրը։ 17  Եւ կ’ազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։ 18  Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կ’լինի, որովհետեւ դու ինձ յուսացիր, ասում է Տէրը։

Ծանոթագրություններ