Երեմիա 43։1-13

43  Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը,  Այն ժամանակ Ովսէայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար.  Այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն։  Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չ’լսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։  Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը.  Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին.  Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չ’լսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով.  Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։ 10  Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ’ուղարկեմ եւ կ’առնեմ իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կ’դնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։ 11  Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։ 12  Եւ ես կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։ 13  Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող Բեթսամիւսի* արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։

Ծանոթագրություններ

43։13 Կամ՝ Արեգակի տան։