Երեմիա 48։1-47

48  Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ աւերակ է դառել. Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։  Այլ եւս Մովաբի պարծենալը չ’կայ Եսեբոնում. նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. ետեւիցդ գալիս է սուրը։  Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։  Մովաբը փշրուեցաւ. նորա պզտիկները աղաղակ բարձրացրին։  Որովհետեւ Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։  Փախէք, ազատեցէք ձեր անձը. եւ մոշենիի պէս եղէք անապատումը։  Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. եւ Քամովսը պիտի գերի գնայ՝ նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։  Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չ’պրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։  Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չ’լինի նորանցում։ 10  Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։ 11  Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր իր մրուրի վերայ, նա չ’թափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չ’գնաց. դորա համար նորա համաը մնաց իրանում եւ հոտը չ’փոխուեցաւ։ 12  Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կ’ուղարկեմ, եւ նորանք կ’փոխադրեն նորան, եւ նորա ամանները կ’դարտակեն եւ նորա տիկերը կ’պատառոտեն։ 13  Եւ Մովաբը կ’ամաչէ Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը ամաչեց իր ապաւինած Բեթէլից։ 14  Ի՞նչպէս էք ասում, Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։ 15  Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան մորթուելու, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։ 16  Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։ 17  Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։ 18  Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, ով Դեբոնում բնակող աղջիկ. որովհետեւ Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։ 19  Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։ 20  Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. ոռնա եւ գոռա. պատմեցէք Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։ 21  Եւ դատաստան եկաւ դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ. 22  Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ, 23  Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովզի վերայ, եւ Բեթմաւոնի վերայ. 24  Եւ Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։ 25  Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։ 26  Նորան արբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։ 27  Կամ մի՞թէ Իսրայէլը ծաղր չ’եղաւ քեզ համար, կամ նա գողերիմիջում գտնուեցա՞ւ. որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։ 28  Ձգեցէք քաղաքները եւ վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։ 29  Մենք լսել ենք Մովաբի ամբարտաւանութիւնը. նա շատ ամբարտաւան է. նորան հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։ 30  Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. նորա սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։ 31  Սորա համար պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։ 32  Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։ 33  Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չ’կոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չի լինելու։ 34  Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։ 35  Եւ պիտի դադարեցնեմ Մովաբից, ասում է Տէրը, բարձրաւանդակում ողջակէզ մատուցանողին, եւ նորա աստուածներին խունկ ծխողին։ 36  Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։ 37  Որովհետեւ ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ մէջքի վերայ՝ քուրձ։ 38  Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեց Մովաբին մի այնպիսի ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։ 39  Ի՜նչպէս կոտրուեցաւ. ոռնում են. ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. եւ Մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։ 40  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա արծիւի պէս թռչում է, եւ տարածում իր թեւերը Մովաբի վերայ։ 41  Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. եւ այն օրը Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կ’լինի։ 42  Եւ Մովաբը պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։ 43  Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։ 44  Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. որովհետեւ ես նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։ 45  Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։ 46  Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։ 47  Բայց ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։ Մինչեւ այստեղ է Մովաբի դատաստանը։

Ծանոթագրություններ