Երեմիա 49։1-39

49  Ամմոնի որդկանց նկատմամբ այսպէս է ասում Տէրը. Մի՞թէ Իսրայէլը որդիք չ’ունի. կամ նա ժառանգ չ’ունի՞. ի՞նչու Մեղքոսը ժառանգեց Գադին, եւ նորա ժողովուրդը նորա քաղաքներումը բնակուեց։  Սորա համար ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ Ամմոնի որդկանց Ռաբբայի դէմ պատերազմի աղաղակ պիտի լսել տամ, որ նա փլատակների դէզ դառնայ, եւ նորա աղջկերքը կրակով այրուին. իսկ Իսրայէլը պիտի ժառանգէ իր ժառանգողներին, ասում է Տէրը։  Ոռնա, ով Եսեբոն, որ Գային ոչնչացաւ, աղաղակեցէք, ով Ռաբբայի աղջկերք, քուրձեր հագէք, սուգ արէք եւ դէս ու դէն փախէք ցանգերի մէջ. որ Մեղքոմը գերի պիտի գնայ՝ իր քահանաներն ու իշխանները մէկտեղ։  Ի՞նչ ես հովիտներով պարծենում. հովիտդ ջրի պէս գնաց, ո՛վ ապստամբ աղջիկ, որ ապաւինել էիր քո գանձերին, ասելով. Ո՞վ է գալիս ինձ վերայ։  Ահա ես քեզ վերայ վախ եմ բերում, ասում է Զօրաց Տէր Եհովան, քո բոլոր շրջաններից. եւ դուք պիտի ցրուիք ամեն մարդ դէպի իր առաջը. եւ փախստականներին ժողովող պիտի չ’լինի։  Եւ նորանից յետոյ պիտի ետ դարձնեմ Ամմոնի որդկանց գերութիւնը, ասում է Տէրը։  Եդովմի նկատմամբ՝ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մի՞թէ էլ իմաստութիւն չ’կայ Թեմանումը, կորա՞ւ խորհուրդը հանճարեղներից, դարտակուեցա՞ւ նորանց իմաստութիւնը։  Փախէք, դարձէք, խորերը մտէք բնակուելու համար, ով Դեդանի բնակիչներին, որովհետեւ Եսաւի կորուստը պիտի բերեմ նորա վերայ, նորան այցելութիւն արած ժամանակս։  Եթէ քեզ մօտ քաղողներ գային, մի՞թէ աւելորդ ճիռեր չէին թողել. եթէ գողեր՝ գիշերով, նորանք փչացնելու էին որքան իրանց բաւական լինէր։ 10  Սակայն ես մերկացի Եսաւին, բաց արի նորա սերունդը, նորա եղբայրները եւ նորա դրացիքը, եւ չ’կան։ 11  Թող տուր քո որբերին, ես նորանց կ’պահեմ. եւ քո որբեւայրիքը թող ինձ ապաւինեն։ 12  Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա նորանք որ պարտաւոր չէին բաժակը խմելու՝ անպատճառ պէտք է խմեն, եւ դու որ ջանք էիր անում անպատիժ մնալու. անպատիժ չես մնալ, այլ անպատճառ պիտի խմես։ 13  Որովհետեւ ես երդում եմ անում իմ անձովը, ասում է Տէրը, որ ամայութիւն, նախատինք, աւերակ եւ անէծք պիտի դառնայ Բօսրան, եւ նորա բոլոր քաղաքները պիտի յաւիտենական աւերակներ դառնան։ 14  Լուր լսեցի Տիրոջ կողմանէ, եւ դեսպան ուղարկուեցաւ ազգերին, թէ Ժողովուեցէք եւ գնացէք նորա վերայ, եւ կանգնեցէք պատերազմի։ 15  Որովհետեւ ահա ես քեզ պզտիկ եմ արել ազգերի մէջ, անարգ՝ մարդկանց մէջ։ 16  Քո ահաւորութիւնը՝ քո սրտի ամբարտաւանութիւնը խաբել է քեզ, ո՛վ վէմի խոռոչների մէջ բնակող եւ բարձր բլուրներին փակչող, եթէ արծիւի պէս բարձրումը դնես քո բոյնը, այնտեղից էլ քեզ պիտի իջեցնեմ, ասում է Տէրը։ 17  Եւ Եդովմը ամայի պիտի լինի. ամեն նորա մօտով անցնողը պիտի հիանայ, եւ նորա բոլոր հարուածների համար պիտի սուլէ։ 18  Սոդոմի ու Գոմորի եւ նորա դրացիների կործանման պէս, ասում է Տէրը, այնտեղ մարդ չի բնակուիլ եւ մարդի որդի նորանում չի պանդխտանալ։ 19  Ահա առիւծի պէս վեր պիտի գնայ Յորդանանի փառքիցը ամուր բնակարանը. որովհետեւ մի վայրկեանում պիտի փախցնեմ նորան նորա վերայից, եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ դնեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ կ’որոշէ իմ ժամանակը, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։ 20  Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Եդովմի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Թեմանի բնակիչների վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ նորանց բնակարանները պիտի աւերէ նորանց հետ։ 21  Նորանց ընկնելու ձայնիցը երկիրը կ’դողայ, աղաղակի ձայնը մինչեւ Կարմիր ծովը կ’լսուի։ 22  Ահա արծիւի նման վեր կ’բարձրանայ եւ կ’թռչի, եւ իր թեւերը կ’տարածէ Բօսրայի վերայ, եւ այն օրը Եդովմի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնկայ պէս կ’լինի։ 23  Դամասկոսի նկատմամբ։ Եմաթն ու Արփաթը ամչեցին, որովհետեւ վատ լուր լսեցին՝ հալվում են. ծովումը տառապանք կայ՝ չէ կարող հանդարտանալ։ 24  Թուլացել է Դամասկոսը, դարձել է որ փախչէ, արհաւիրքը բռնել է նորան, տագնապն ու երկունքը բռնել են նորան ինչպէս ծննդական կնկան։ 25  Ի՜նչպէս չ’թողուեցաւ փառաց քաղաքը, իմ զուարճութեան քաղաքը։ 26  Սորա համար նորա ընտիրները վայր կ’ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմական մարդիկը կ’պապանձուին այն օրը, ասում է Զօրաց Տէրը։ 27  Եւ ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի մէջ, եւ նա պիտի լափէ Բենադադի պալատները։ 28  Կեդարի նկատմամբ եւ Հասորի թագաւորութիւնների նկատմամբ, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը զարկեց, այսպէս է ասում Տէրը. Վեր կացէք գնացէք Կեդարի վերայ, եւ փչացրէք արեւելքի որդիներին։ 29  Նորանց վրանները եւ նորանց հօտերը պիտի առնեն, նորանց վարագոյրները եւ նորանց բոլոր կարասիները, եւ նորանց ուղտերը պիտի տանեն իրանց համար. եւ նորանց պէտք է կանչեն, Վախ շուրջանակի։ 30  Փախէք, շատ վազեցէք, խորերը մտէք բնակուելու, ով Հասորի բնակիչներ, ասում է Տէրը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ձեզ դէմ խորհուրդ է խորհել, եւ ձեզ դէմ մտածմունք է մտածել։ 31  Վեր կացէք, վեր ելէք ապահով եւ անդորր բնակող ազգի վերայ, ասում է Տէրը, որ դռներ չ’ունի, նիգեր չ’ունի, առանձին է բնակվում։ 32  Եւ նորանց ուղտերը աւար պիտի դառնան, եւ նորանց խաշինքների բազմութիւնը՝ կողոպուտ, եւ ես պիտի ցրուեմ ամեն կողմ մօրուքի ծայրը կտրողներին, եւ ամեն անցուդարձից պիտի բերեմ նորանց կորուստը, ասում է Տէրը։ 33  Եւ Հասորը պիտի չագալների որջ դառնայ՝ յաւիտեանական ամայութիւն. այնտեղ մարդ պիտի չ’բնակուէ, եւ նորանում չ’պանդխտանայ մարդի որդի։ 34  Տիրոջ խօսքը, որ եղաւ Երեմիա մարգարէին Եղամի մասին Յուդայի Սեդեկիա թագաւորի թագաւորութեան սկզբումը, ասելով. 35  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նորանց զօրութեան գլխաւորը։ 36  Եւ պիտի բերեմ Եղամի վերայ չորս հողմերը երկնքի չորս կողմիցը, եւ նորանց պիտի ցրուեմ այս բոլոր հողմերին, եւ այն ազգը չէ լինելու, ուր գնացած չ’լինին Եղամի փախստականները։ 37  Եւ ես պիտի վախեցնեմ Եղամին իրանց թշնամիների առաջին. եւ նորանց հոգիները պահանջողների առաջին, եւ նորանց վերայ ձախորդութիւն պիտի բերեմ՝ իմ բարկութեան բորբոքումը, ասում է Տէրը, եւ նորանց ետեւից պիտի ուղարկեմ սուրը, մինչեւ որ նորանց վերջացնեմ։ 38  Եւ ես իմ աթոռը պիտի դնեմ Եղամումը եւ այնտեղից պիտի թագաւոր եւ իշխաններ կորցնեմ, ասում է Տէրը։ 39  Եւ պիտի լինի որ վերջի օրերումը Եղամի գերութիւնը պիտի դարձնեմ, ասում է Տէրը։

Ծանոթագրություններ