Երեմիա 5։1-31

5  Ման եկէք Երուսաղէմի փողոցներումը եւ մէկ տեսէք ու իմացէք, եւ որոնեցէք նորա հրապարակներումը. եթէ մի մարդ կ’գտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կ’ներեմ։  Եւ թէպէտ ասում են՝ Կենդանի է Տէրը, բայց սուտ են երդում անում։  Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չ’ցաւեցին. դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։  Բայց ես ասեցի. Միայն աղքատներն են սորանք, տգէտ են ու չ’գիտեն Տիրոջ ճանապարհը եւ իրանց Աստուծոյ իրաւունքը։  Ես գնամ մեծերի մօտ եւ նորանց հետ խօսեմ, որովհետեւ նորանք գիտեն Տիրոջ ճնապարհները՝ իրանց Աստուծոյ իրաւունքը. բայց նորանք էլ ամենքը լուծը կոտրել են, կապերը կտրատել են։  Սորա համար նորանց պիտի առիւծը զարկէ անտառից, անապատների գայլը փչացնէ նորանց, ինձն է հսկելու նորանց քաղաքների վերայ, ամեն ով որ նորանից դուրս գայ՝ պիտի պատառուի, որովհետեւ շատացել են նորանց յանցանքները, զօրացել են նորանց ապստամբութիւնները։  Սորա համար ես ի՞նչպէս ներեմ քեզ, քո որդիքն ինձ թողել են, եւ երդում են անում չաստուածներով. եւ ես կշտացրի նորանց, բայց նորանք շնացան, եւ խումբով բոզանոցը գնացին։  Պարարտացած ձիերի պէս առաւօտը վեր են կենում, ամեն մէկն իր ընկերի կնոջ վերայ է խխնջում։  Մի՞թէ սորա համար այցելութիւն պիտի չ’անեմ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իմ անձը վրէժ պիտի չ’առնէ՞։ 10  Վեր ելէք նորա պարիսպների վերայ եւ կործանեցէք, բայց բոլորովին չ’վերջացնէք. վերցրէք նորա ոստերը, որովհետեւ նորանք Տիրոջը չեն։ 11  Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։ 12  Նորանք ուրացան Տիրոջը եւ ասեցին՝ Նա չէ, եւ մեզ վերայ չարիք չի գալ. եւ սուր ու սով չենք տեսնելու։ 13  Եւ մարգարէքը քամի են դառնալու, եւ խօսողը չի լինելու նորանցում. այսպէս է լինելու նորանց։ 14  Նորա համար Զօրաց Տէր Աստուածը այսպէս է ասում. Որովհետեւ դուք խօսում եք այս խօսքը. ահա ես իմ խօսքերը քո բերանումը կրակ եմ շինում, եւ այս ժողովուրդը՝ փայտ. եւ նա նորանց պիտի ուտէ։ 15  Ահա ես ձեզ վերայ հեռուից մէկ ազգ եմ բերում, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը, նա զօրաւոր ազգ է, նա հին ազգ է. մի ազգ՝ որի լեզուն չ’գիտես, եւ չես իմանում թէ ինչ է խօսում։ 16  Նորա կապարճը բաց գերեզմանի պէս է, նորանք ամենքը ախոյեաններ են։ 17  Եւ նա պիտի ուտէ քո հունձքը, եւ քո հացը, որ քո տղերքը եւ աղջկերքը պիտի ուտէին, պիտի ուտէ քո հօտերն ու քո արջառները, պիտի ուտէ քո որթն ու թզենին. քո ապաւինած պարսպաւոր քաղաքները սրով պիտի քարուքանդ անէ։ 18  Բայց այն օրերն էլ, ասում է Տէրը, ձեզ պիտի բոլորովին չ’վերջացնեմ։ 19  Եւ երբոր ասելու լինէք, ի՞նչ բանի փոխարէն արաւ մեզ մեր Տէր Աստուածը այս ամենը, դու էլ ասիր նորանց. Ինչպէս որ դուք ինձ թողեցիք, եւ օտար աստուածներ պաշտեցիք ձեր երկրումը, նոյնպէս էլ օտարների պիտի ծառայէք ձեր չ’եղած երկրում։ 20  Սա իմացրէք Յակոբի տանը, եւ հրատարակեցէք այդ Յուդայի մէջ, ասելով. 21  Մէկ լսեցէք սորան, ով յիմար եւ անմիտ ժողովուրդ, աչքեր ունին ու չեն տեսնում, ականջներ ունին ու չեն լսում 22  Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում, որ աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն, եւ նա նորանից չի անցնիլ. թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում։ 23  Սակայն այս ազգը մի անհնազանդ եւ ապստամբ սիրտ ունի, նորանք ապստամբում են քանի որ գնում են։ 24  Եւ չ’ասեցին իրանց սրտումը. Մէկ վախենանք մեր Տէր Աստուածանից, որ տալիս է անձրեւը՝ առաջինը եւ վերջինը իր ժամանակին, որ պահում է մեզ համար հունձքի համար որոշուած շաբաթները։ 25  Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին։ 26  Որովհետեւ անզգամներ են գտնվում իմ ժողովրդի մէջ՝ դարանամուտ են լինում կծկտուած թռչնորսների պէս, որոգայթներ են լարում՝ մարդիկ որսում։ 27  Ինպչէս որ վանդակը լիքն է լինում թռչուններով, նոյնպէս էլ լիքն են նորանց տները նենգութիւնով. նորա համար մեծացել եւ հարստացել են նորանք։ 28  Պարարտացել են՝ փայլում են, չարերի գործերիցն էլ են գերազանցում. դատը չեն դատում՝ որբի դատը. այսու ամենայնիւ յաջողվում են, թէեւ աղքատների իրաւունքը չեն դատում։ 29  Այս բաների համար ես այցելութիւն չ’անե՞մ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իր վրէժը չ’առնէ՞ իմ հոգին։ 30  Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ. 31  Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. բայց վերջը ի՞նչ պիտի անէք։

Ծանոթագրություններ