Երեմիա 50։1-46

50  Այն խօսքը որ Տէրը խօսեց Քաղդէացիների երկրի՝ Բաբիլոնի մասին Երեմիա մարգարէի ձեռովը։  Իմացրէք ազգերի մէջ, հրատարակեցէք ու դրօշակ բարձրացրէք, հրատարակեցէք, մի ծածկէք, ասեցէք. Բաբիլոնի առնուեցաւ, Բէլը ամաչեց, Մարովդաքը կոտրուեցաւ, ամաչեցին նորա արձանները, կոտրատուեցան նորա կուռքերը։  Որովհետեւ նորա վերայ հիւսիսից մի ազգ եկաւ, նա նորա երկիրը աւերակ պիտի անէ, եւ նորանում բնակող չէ լինելու. մարդից մինչեւ անասուն պիտի փախչեն գնան։  Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի գան Իսրայէլի որդիքը՝ իրանց եւ Յուդայի որդիքը միասին. քայլելով ու լալով պիտի գնան եւ իրանց Տէր Աստուծուն որոնեն։  Սիօնն են հարցնելու՝ երեսները դէպի այնտեղ, եկէք եւ Տիրոջը յարենք յաւիտենական անմոռաց ուխտով։  Կորած ոչխարներ եղան իմ ժողովուրդը, նորաց հովիւները մոլորեցնում են նորան, սարերի վերայ շուռ են ածում նորանց, սարից դէպի բլուրը գնացին՝ իրանց մակաղատեղը մոռացան։  Ամեն ով որ նորանց գտաւ՝ կերաւ նորանց, եւ նորանց նեղիչներն ասեցին՝ Մենք յանցաւոր չենք, նորան փոխարէն, որ նորանք մեղք են գործել Տիրոջ արդարութեան բնակարանի դէմ, եւ իրանց հայրերի յուսատեղի՝ Տիրոջ դէմ։  Փախէք Բաբիլոնի միջիցը, եւ դուրս եկէք Քաղդէացիների երկրիցը, եւ նոխազների պէս եղէք հօտերի առաջին։  Որովհետեւ ահա ես պիտի զարթնեցնեմ եւ բերեմ Բաբիլոնի վերայ մեծամեծ ազգերի ժողովք հիւսիսի երկրիցը. նորանք շարվում են նորա դէմ, եւ նա կ’առնուի այնտեղից. նորա նետերը հմուտ տղամարդի պէս են՝ պարապ չեն ետ դառնալ։ 10  Եւ Քաղդէացիների երկիրը աւար պիտի լինի. նորա ամեն աւարառուները պիտի կշտանան, ասում է Տէրը։ 11  Որովհետեւ ուրախանում էք եւ ցնծում էք, ով իմ ժառանգութիւնը կողոպտողներ, որովհետեւ ոստնում էք խոտի միջի երինջին նման եւ երիվարների պէս խխնջում. 12  Ձեր մայրը պիտի շատ ամաչէ, ձեզ ծնողը պիտի պատկառէ, ահա նա ազգերի յետինը, անապատ, անջուր, եւ ամայի պիտի լինի։ 13  Տիրոջը ցասումի պատճառով նա պիտի չ’բնակուի, այլ պիտի բոլորովին աւերակ դառնայ, Բաբիլոնի մօտով ամեն անց կենողը պիտի հիանայ եւ սուլէ նորա ամեն հարուածների վերայ։ 14  Շարուեցէք Բաբիլոնի դէմ շուրջանակի, ով բոլոր աղեղ լարողներ, գցեցէք նորա վերայ, նետերը մի խնայեցէք, որ նա մեղանչել է Տիրոջ դէմ։ 15  Աղաղակեցէք նորա դէմ շուրջանակի, նա անձնատուր եղաւ. նորա բուրգերը վայր ընկան, նորա պարիսպները հիմնայատակ եղան. որովհետեւ սա Տիրոջ վրէժխնդրութիւնն է, նորանից վրէժ առէք, ինչպէս նա է արել՝ արէք իրան։ 16  Կոտրեցէք սերմողին Բաբիլոնից եւ մանգաղաւորին հունձի ժամանակին բռնաւորի սուրի երեսիցը. ամեն մարդ ետ դառնայ իր ժողովրդին, եւ ամեն մարդ իր երկիրը փախչէ։ 17  Իսրայէլը մի մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել. նախ նորան Ասորեստանի թագաւորը կերաւ, եւ ահա յետոյ նորա ոսկորները փշրեց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը։ 18  Սորա համար Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այսպէս է ասում. Ահա ես պիտի այցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ նորա երկրին, ինչպէս այցելել եմ Ասորեստանի թագաւորին։ 19  Եւ ես Իսրայէլին պիտի դարձնեմ իր բնակարանը. եւ նա պիտի արածէ Կարմեղոսումը եւ Բասանումը, եւ Եփրեմի սարի վերայ եւ Գաղաադումը պիտի կշտանայ նորա հոգին։ 20  Այն օրերը եւ այն ժամանակը, ասում է Տէրը, պիտի Իսրայէլի անօրէնութինը որոնուի, բայց պիտի չ’լինի նա. եւ Յուդայի մեղքերը՝ բայց պիտի չ’գտնուին. որովհետեւ ես պիտի ներեմ նորանց, որոնց մնացորդ պահեցի։ 21  Մերաթայիմ* երկրի մասին. Վեր ելիր նորա վերայ եւ Փակուդի* բնակիչների դէմ, աւերիր եւ նզովածի պէս բնաջինջ արա նորանց ետեւից, ասում է Տէրը, եւ արա այն ամենի պէս որ քեզ պատուիրում եմ. 22  Երկրումը պատերազմի ձայն կայ, եւ մեծ կոտորած։ 23  Ի՜նչպէս կոտրուեցաւ ու փշրուեցաւ բոլոր երկրի մուրճը, ի՜նչպէս աւերակ եղաւ Բաբիլոնը ազգերի մէջ։ 24  Ես որոգայթ լարեցի քեզ համար, դու էլ բռնուեցար, ով Բաբիլոն, բայց դու չ’գիտացիր, գտնուեցար եւ բռնուեցար. որովհետեւ Տիրոջ դէմ հակառակեցիր։ 25  Տէրը բաց արաւ իր զինարանը, եւ հանեց իր բարկութեան գործիները. որովհետեւ գործ ունի Զօրաց Տէր Աստուածը Քաղդէացիների երկրումը։ 26  Եկէք նորա վերայ ծայրերից, բացէք նորա շտեմարանները, դէզ տուէք նորան խուրձի շեղջերի պէս, եւ նորան նզովեցէք, նորա համար մնացորդ չ’լինի։ 27  Սո՜ւր նորա ձիերի եւ նորա կառքերի վերայ, եւ նորա միջում եղող բոլոր խառնիճաղանճի վերայ, որ կնիկների նման դառնան. սո՜ւր նորա գանձերի վերայ, որ յափշտակուին։ 28  Բաբիլոնի երկրից փախչողների եւ ազատուողների ձայնը, որ պատմէ Սիօնում մեր Տէր Աստուծոյ վրէժխնդրութիւնը՝ նորա տաճարի վրէժխնդրութիւնը։ 29  Բաբիլոնի վերայ հրաւիրեցէք աղեղնաւորներին. ով բոլոր աղեղնաւորներ, նորա դէմ բանակ տուէք շուրջանակի, ազատուող չ’լինի. նորան հատուցրէք նորա գործքի համեմատ, այն ամենի համեմատ որ նա է արել՝ արէք իրան. որ նա հպարտացաւ Տիրոջ՝ Իսրայէլի Սուրբի դէմ։ 30  Սորա համար նորա երիտասարդները պիտի ընկնեն նորա հրապարակներումը, եւ բոլոր պատերազմի մարդիկը պիտի պապանձուին այն օրը, ասում է Տէրը։ 31  Ահա ես քեզ դէմ եմ, ով հպարտ, ասում է Զօրաց Եհովայ Տէրը. որովհետեւ եկել է քո այցելութեան ժամանակը։ 32  Եւ հպարտը պիտի սահէ եւ վայր ընկնէ, եւ մի կանգնեցնող պիտի չ’լինի նորա համար, եւ ես նորա քաղաքների մէջ կրակ պիտի վառեմ, եւ նա պիտի լափէ նորա բոլոր շրջակայքը։ 33  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Իսրայէլի որդիքը եւ Յուդայի որդիքը միասին զրկուեցան եւ բոլոր նորանց գերի անողները բռնեցին նորանց, չ’ուզեցին նորանց արձակել։ 34  Նորանց Փրկիչը զօրաւոր է, Զօրաց Եհովայ է նորա անունը. նա անպատճառ պիտի ջատագովէ նորանց դատը, որ երկրին հանգստութիւն տայ, եւ դողացնէ Բաբիլոնի բնակիչներին։ 35  Սո՜ւր Քաղդէացիների վերայ, ասում է Տէրը, եւ Բաբիլոնի բնակիչների վերայ, եւ նորա իշխանների եւ նորա իմաստունների վերայ։ 36  Սո՜ւր շաղակրատների վերայ, որ յիմարանան. սո՜ւր նորա տղամարդկանց վերայ, որ զարհուրեն։ 37  Սո՜ւր նորա ձիերի եւ նորա կառքերի վերայ, եւ նորա միջում եղող բոլոր խառնիճաղանճի վերայ, որ կնիկների նման դառնան. սո՜ւր նորա գանձերի վերայ, որ հափշտակուին։ 38  Չորութի՜ւն նորա ջրերի վերայ, որ չորանան, որ նա կուռքերի երկիր է, եւ սոսկալի բաներով գժվում են։ 39  Դորա համար այնտեղ վայրի կատուներ եւ բորենիներ պիտի բնակուեն, եւ ջայլամներ պիտի բնակուեն նորանում, եւ նա պիտի չ’բնակուի միւսանգամ յաւիտեան, եւ շէն պիտի չ’լինի ազգէ ազգ։ 40  Ինչպէս որ Աստուած կործանեց Սոդոմն ու Գոմորը եւ նորա դրացիներին, ասում է Տէրը, այնտեղ էլ մարդ պիտի չ’բնակուէ, եւ բնակութիւն չ’անէ նորանում մարդի որդի։ 41  Ահա մի ժողովուրդ է գալիս հիւսիսից, եւ մի մեծ ազգ եւ շատ թագաւորներ զարթնում են երկրի ծայրերիցը։ 42  Նորանք աղեղ եւ գեղարդ ունին, անգութ են նորանք եւ չեն ողորմիլ, նորանց ձայնը ծովի պէս է գոռում, եւ ձիերի վերայ են հեծած՝ պատրաստուած են պատերազմի մարդի նման քեզ դեմ, ով Բաբիլոնի աղջիկ։ 43  Բաբիլոնի թագաւորը լսեց նորանց լուրը, եւ նորա ձեռները թուլացան, տագնապը նորան բռնեց իբրեւ ծննդականի երկունք։ 44  Ահա առիւծի պէս բարձրանում է Յորդանանի փառքիցը դէպի ամուր բնակարանը. որովհետեւ իսկոյն պիտի նորանց փախցնեմ նորա վերայից եւ ո՞վ է ընտրուած, որ նորա վերայ նշանակեմ, որովհետեւ ո՞վ է ինձ նման, եւ ո՞վ է կարող իմ ժամանակը որոշել, եւ ո՞վ է այն հովիւը, որ կանգնէր իմ առաջին։ 45  Ուրեմն լսեցէք Տիրոջ խորհուրդը, որ խորհել է Բաբիլոնի վերայ, եւ նորա մտածմունքները, որ մտածել է Քաղդէացիների երկրի վերայ. անպատճառ պիտի քշեն նորանց հօտի փոքրերը, անպատճառ պիտի աւերէ բնակարանը նորանց հետ։ 46  Բաբիլոնի առնուելու ձայնիցը երկիրը պիտի դողայ, եւ աղաղակը պիտի լսուի ազգերի մէջ։

Ծանոթագրություններ

50։21 Այսինքն՝ կրկնապատիկ ապստամբութեան։
50։21 Այսինքն՝ պատժուած։