Երեմիա 52։1-34

52  Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւմէկ տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ Լեբնացի Երեմիայի աղջիկը։  Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս ինչ որ արել էր Յովակիմը։  Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի վերայ էր, որ նորանց դէն գցէր իր երեսի առաջից, եւ Սեդեկիան ապստամբուեց Բաբիլոնի թագաւորի դէմ։  Եւ եղաւ որ նորա թագաւորութեան իններորդ տարումը տասներորդ ամսուայ՝ ամսի տասին եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ինքը եւ իր բոլոր զօրքը Երուսաղէմի վերայ, եւ բանակ տուին նորա դէմ, եւ նորա դէմ պատնէշներ շինեցին շուրջանակի։  Եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ մինչեւ Սեդեկիա թագաւորի տասնեւմէկերորդ տարին.  Չորրորդ ամսուայ՝ ամսի իննին սովը սաստկացաւ քաղաքումը, եւ հաց չ’կար երկրի ժողովրդի համար։  Եւ քաղաքը ճղուեցաւ, եւ բոլոր պատերազմական մարդիկը փախան եւ դուրս եկան քաղաքիցը գիշերով երկու պարիսպների միջի դռան ճանապարհովը, որ թագաւորի պարտէզի մօտ է, եւ Քաղդէացիք քաղաքը շրջապատած էին. եւ նորանք գնացին անապատի ճանապարհովը։  Բայց Քաղդէացիների զօրքերը ընկան թագաւորի ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը. եւ նորա բոլոր զօրքերը ցրուեցան մօտիցը։  Եւ թագաւորին բռնեցին եւ նորան վեր տարան Եմաթի երկրում լինող Ռեբղան, Բաբիլոնի թագաւորի մօտ. եւ նա վճռեց նորա դատաստանը։ 10  Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին, եւ Յուդայի բոլոր իշխաններին էլ մորթեց Ռեբղայում։ 11  Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, եւ Բաբիլոնի թագաւորը նորան տարաւ Բաբիլոն, եւ նորան բանտը դրաւ մինչեւ նորա մահուան օրը։ 12  Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի տասնեւիններորդ տարին հինգերորդ ամսուայ՝ ամսի տասնին եկաւ Նաբուզարդան դահճապետը, որ կանգնում էր Բաբիլոնի թագաւորի առաջին Երուսաղէմ։ 13  Եւ այրեց Տիրոջ տունը եւ թագաւորի տունը, եւ Երուսաղէմի բոլոր տները եւ ամեն մեծ տները այրեց կրակով։ 14  Եւ Երուսաղէմի բոլոր պատերը շուրջանակի քանդեցին Քաղդէացիների բոլոր զօրքերը, որ դահճապետի հետն էին։ 15  Եւ ժողովուրդների աղքատներիցը եւ ժողովրդի մնացորդը, որ մնացել էին քաղաքումը եւ այն փախչողներին, որոնք Բաբիլոնի թագաւորի կողմն էին անցկացել, եւ մնացած բազմութիւնը գերի տարաւ Նաբուզարդան դահճապետը։ 16  Եւ երկրի աղքատներիցը Նաբուզարդան դահճապետը այգեգործներ եւ երկրագործներ թողեց։ 17  Եւ այն պղնձի սիւները, որ Տիրոջ տանն էին, նաեւ մեքենովթները եւ պղնձի ծովը, որ Տիրոջ տանն էր, կոտրատեցին Քաղդէացիք, եւ նորանց բոլոր պղինձը տարան Բաբիլոն։ 18  Եւ թաղարները եւ թիակները եւ բազմակալները եւ կոնքերը եւ խնկատուփերը եւ բոլոր պղնձի անօթները, որոնցով սպասարկութիւն էր լինում, վեր առան։ 19  Եւ բաժակները եւ բուրվառները եւ կոնքերը եւ թաղարները եւ աշտանակները եւ խնկատուփերը եւ սկաւառակները՝ որը ոսկի էր ոսկի եւ որը արծաթ էր արծաթ՝ վեր առաւ դահճապետը։ 20  Եւ երկու սիւները, մէկ ծովը, տասնեւերկու պղնձի եզերը որ մեքենովթների տեղն* էին, Տիրոջ տան համար. այս բոլոր անօթների պղնձին կշիռը չ’կար։ 21  Եւ սիւներից մէկ սիւնը տասնեւութը կանգուն էր բարձրութիւնով, եւ մի դերձան տասնեւերկու կանգուն շրջապատում էր նորան, եւ նորա թանձրութիւնը չորս մատնաչափ էր՝ մէջը դարտակ։ 22  Եւ մի պղնձի խոյակ կար նորա վերայ, եւ մէկ խոյակի բարձրութիւնը հինգ կանգուն, եւ ցանցեր ու նռներ կային խոյակի վերայ շուրջանակի՝ բոլոր պղնձի. եւ սորա նման էր եւ միւս սիւնը եւ նռները։ 23  Եւ նռները իննսունեւվեց էին մէկ կողմովը, բոլոր նռները հարիւր էին ցանցի վերայ շուրջանակի։ 24  Եւ դահճապետը առաւ մեծ քահանայ Սարայիային եւ երկրորդ քահանայ Սոփոնիային եւ դռան երեք պահապաններին, 25  Եւ քաղաքիցն առաւ մի ներքինի, որ պատերազմի մարդկանց վերակացուն էր, եւ թագաւորի առաջին կանգնողներից եօթը մարդ, որոնք գտնվում էին քաղաքումը եւ զօրքի գլխաւոր գրագրին, որ զինուորագրում էր երկրի ժողովրդին, եւ վաթսուն մարդ երկրի ժողովրդիցը, որոնք գտնվում էին քաղաքի միջումը։ 26  Եւ նորանց վեր առաւ Նաբուզարդան դահճապետը եւ տարաւ նորանց Բաբիլոնի թագաւորի մօտ Ռեբղա։ 27  Եւ Բաբիլոնի թագաւորը զարկեց նորանց եւ սպանեց նորանց Եմաթի երկրի Ռեբղայումը։ Եւ Յուդան գերի տարուեցաւ իր երկրիցը։ 28  Սա է Նաբուգոդոնոսորի գերի տարած ժողովուրդը եօթներորդ տարին երեք հազար քսանեւերեք Հրէայ. 29  Նաբուգոդոնոսորի տասնեւութերորդ տարին՝ Երուսաղէմից ութը հարիւր երեսունեւերկու հոգի։ 30  Նաբուգոդոնոսորի քսանեւերեքերորդ տարին Նաբուզարդան դահճապետը Հրէաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունեւհինգ հոգի, ամենը չորս հազար վեց հարիւր հոգի։ 31  Եւ եղաւ Յուդայի Յովաքին թագաւորի գերութեան երեսունեւեօթներորդ տարին տասնեւերկուերորդ ամսուայ՝ ամսի քսանեւհինգին բարձրացրեց Եղմարովդաք Բաբիլոնի թագաւորը իր թագաւոր եղած տարին Յուդայի Յովաքին թագաւորի գլուխը եւ նորան հանեց բանտի տանիցը։ 32  Եւ նորա հետ քաղցրութեամբ խօսեց, եւ նորա աթոռը նորա հետ Բաբիլոնումն եղող թագաւորների աթոռից վեր դրաւ։ 33  Եւ նորա բանտի հանդերձները փոխեց, եւ նա միշտ իր կեանքի բոլոր օրերումը հացը նորա առաջին էր ուտում։ 34  Եւ նորա ռոճիկը մշտական ռոճիկ լինելով տրվում էր նորան Բաբիլոնի թագաւորի կողմանէ օր ըստ օրէ մինչեւ նորա մահուան օրը, նորա կեանքի բոլոր օրերումը։

Ծանոթագրություններ

52։20 Կամ՝ տակին։